ՆԱՏՕ-ն ուժեղացնում է հետախուզական տեղեկատվության փոխանակումը՝ ի պատասխան դիվերսիաների և այլ միջադեպերի ալիքին, որոնք ենթադրաբար կապված են Ռուսաստանի հետ։ Միաժամանակ, դաշինքը պետք է «հանգստություն և վստահություն» պահպանի՝ Մոսկվայից բխող ցանկացած սպառնալիքի դիմակայելու իր կարողության նկատմամբ, Reuters գործակալությանը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գերագույն հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։
Ավելի վաղ Դանիայի ռազմական հետախուզությունը նախազգուշացրել էր, որ առաջիկա ամիսներին Ռուսաստանը, ըստ ամենայնի, կուժեղացնի Արևմուտքի դեմ հիբրիդային պատերազմը։ Այս եզրույթով նկատի է առնվում հարձակումների լայն շրջանակ, որոնք չեն հասնում սովորական ռազմական հարձակման մակարդակին։ Դանիական ծառայությունը հայտարարել է նաև, որ գոյություն ունի «փոքր, բայց աճող ռիսկ», որ Մոսկվան կարող է սահմանափակ ռազմական հարձակում ձեռնարկելՆԱՏՕ-ի մեկ կամ մի քանի երկրների դեմ, որոնք սահմանակից են Ռուսաստանին։
«Դա մտահոգություն է առաջացնում»,- ասել է Գրինկևիչը՝ մեկնաբանելով վերջին շաբաթների մի շարք միջադեպեր, դրանց թվում՝ Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հարձակման փորձը և դեպքը, երբ ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ռազմական ուղղաթիռի ուղղությամբ։
«Սակայն մենք պետք է հանգստություն և վստահություն պահպանենք, որ մենք՝ որպես դաշինք, պատմության մեջ ամենահզոր դաշինքը, ունենք անհրաժեշտ գործիքներն ու մեխանիզմները՝ այդ ռիսկը կառավարելու համար», - հավելել է նա։
Մոսկվան բազմիցս հերքել է իր առնչությունը հիբրիդային պատերազմի կամ ՆԱՏՕ-ի երկրներում դիվերսիոն գործողությունների հետ, ինչպես նաև որևէ առճակատման մեջ մտնելու մտադրությունը։
Պատասխանելով ՆԱՏՕ-ի տարածքի վրա Ռուսաստանի սահմանափակ հարձակման վտանգի մասին հարցին՝ Գրինկևիչն ընդգծել է դաշինքի պատրաստվածությունը նման զարգացումների դեպքում՝ այն անվանելով «քիչ հավանական, բայց այնպիսին, որն անհնար է բացառել»։
Գրինկևիչը մերժել է ենթադրությունները, ըստ որոնց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հնարավորություն տեսնել ՆԱՏՕ-ին հարված հասցնելու համար՝ հաշվի առնելով, որ, իրավիճակին ծանոթ աղբյուրների տվյալներով, ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմում սպառել է իր համաշխարհային պաշարի զգալի մասը՝ մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներից։
«Բացարձակապես ոչ։ Թող նույնիսկ չփորձի, երբ ես այստեղ եմ»,- հայտարարել է գեներալը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն լավ պատրաստված է իր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու համար։
«Ես վստահ եմ, որ այժմ ունեմ անհրաժեշտ լիազորությունները՝ ձեռնարկելու միջոցներ, որոնք հնարավորություն կտան զսպել դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա»,- ասել է նա։
Փորձելով հանգստացնել եվրոպացի դաշնակիցներին, որոնք մտահոգված են մայրցամաքում ամերիկյան ռազմական ներկայության շարունակվող վերանայմամբ, Գրինկևիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի «ՆԱՏՕ-ին տրամադրել քննադատաբար կարևոր, բայց ավելի սահմանափակ հնարավորություններ», մինչդեռ եվրոպական երկրները ավելի նշանակալի դեր կխաղան։
Ըստ նրա՝ դեռ չկա «նախապես սահմանված արդյունք», թե քանի ամերիկացի զինծառայող կմնա Եվրոպայում և «ինչ հնարավորություններ կարող են վերաբաշխվել»։ Ներկայում մայրցամաքում տեղակայված է մոտ 80 հազար ամերիկացի զինվորական։
Թրամփը բազմիցս սպառնացել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալով՝ դաշինքից, որտեղ Վաշինգտոնը նրա ստեղծման պահից՝ 1949 թվականից, գերիշխող դեր է խաղում՝ մեղադրելով եվրոպական երկրներին այն բանում, որ նրանք օգտվում են անվտանգության համակարգի առավելություններից՝ համարժեք բեռ չկրելով։




























