Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ Իրանի դեմ հարվածների վերսկսումը միայն ժամանակի հարց է։ Դրա մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի պետական լրատվական Al Hadath գործակալությանը։
Պաշտոնյաներից մեկի կարծիքով՝ իսրայելական հետախուզությունը հայտնաբերել է Իրանի կողմից իր միջուկային ծրագիրը վերականգնելու և ակտիվացնելու փորձեր՝ հնարավոր հարվածի սպասումով։ Դա տեղի է ունեցել այն ֆոնին, երբ իսրայելական լրատվամիջոցներում հաղորդվում էր, որ իրանական ռեժիմը իր միջուկային նախագծի մնացած մասը տեղափոխում է Ջաբալ ալ-Ֆաս, որը գտնվում է Նաթանզի միջուկային օբյեկտից ոչ հեռու։
Ըստ Al Hadath-ի աղբյուրի՝ Իսրայելը «պաշտպանական և հարձակողական առումով պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման հնարավորությանը, ինչպես նաև ցանկացած պահին այլ ճակատներում դիմակայության»։
«Մենք կրկին կհարվածենք միջուկային օբյեկտներին և դրանց հետ կապված ցանկացած օբյեկտների, եթե Թեհրանը հատի որևէ կարմիր գիծ՝ անկախ նրանից՝ ԱՄՆ-ը կմասնակցի դրան, թե ոչ»,- հավելել է պաշտոնյան։
Նա զգուշացրել է նաև, որ Իրանի հետ կապված կառույցների նկատմամբ գործող տնտեսական պատժամիջոցներն ուժեղացնում են ճնշումը Թեհրանի վրա՝ ներքին տարաձայնություններ և երկրի ներսում լարվածության աճ հրահրելով։ «Այս գործոնները կարող են իրանական ռեժիմին դրդել տարածաշրջանում ռազմական պատասխան գործողությունների, այդ թվում՝ Իսրայելի դեմ»,- հայտարարել է նա։
Պաշտոնյայի աելով՝ Իսրայելում հոկտեմբերի 27-ին անցկացվելիք ընտրությունները գործոն չեն, որը կարող է ազդել Իրանի դեմ հարվածների վերաբերյալ որոշման ընդունման վրա։
Նա հայտարարել է նաև, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործող պատժամիջոցներն ավելի ուժեղ ազդեցություն են ունենում, քան սպասվում էր, և ներկայիս գնահատականները թույլ են տալիս ենթադրել, որ «իրանական ռեժիմի փլուզումը կարող է տեղի ունենալ ակնկալվող ժամկետից շուտ»։
Պաշտոնյան Al Hadath-ին ասել է, որ Իսրայելը մեծ արժեք չի տեսնում ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացիկ բանակցություններում՝ չնայած շարունակվող շփումներին և միջնորդական ջանքերին։ Նրա կարծիքով՝ դրա պատճառը Իրանի կողմից գործընթացի ձգձգումն է և ԱՄՆ-ում ու Իսրայելում քաղաքական փոփոխությունների նկատմամբ Թեհրանի հույսերը, որոնք կարող էին կանխել նոր հարվածը։




























