Սի Ծինփինը կոչ արեց լայն համագործակցության Վաշինգտոնի հետ, որպեսզի խուսափեն «Թուկիդիդեսի ծուղակից», որը կարող է ԱՄՆ-ին և Չինաստանին դնել ռազմական բախման ուղու վրա։
Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի սկզբում ՉԺՀ նախագահը ներկայացրեց փոխըմբռնման պայմանները, որոնք, նրա գնահատմամբ, կարող են օգնել մրցակցող երկու գերտերություններին խուսափել ռազմական հակամարտությունից։
«Մենք պետք է ամրապնդենք հաղորդակցությունը։ Չինաստանն ու ԱՄՆ-ը միմյանցից տարբերվում են իրենց ազգային պայմաններով, սակայն անկեղծ, խոր և շարունակական երկխոսության շնորհիվ մեր երկու երկրները կարող են ավելի լավ հասկանալ միմյանց, գտնել ընդհանուր եզրեր՝ տարաձայնությունները մի կողմ դնելով, և ամրապնդել փոխադարձ վստահությունը»,- Թրամփի ներկայությամբ հայտարարել է Սի Ծինփինը։
«Մենք պետք է խաղաղ գոյակցենք,- ասել է նա։- Չինաստանն ու ԱՄՆ-ը, որպես երկու խոշոր տերություններ, կարող են շահել համագործակցությունից, մինչդեռ առճակատումից երկու կողմն էլ կկորցնի։ Մեր զինված ուժերը պետք է պահպանեն կանոնավոր երկխոսություն և կատարելագործեն ճգնաժամային հաղորդակցության ու հակամարտությունների կանխարգելման մեխանիզմները»։
Այսպիսի պայմանների առկայության դեպքում, հայտարարեց Սին, «Թուկիդիդեսի ծուղակը կարելի է հաղթահարել»։ Խոսքը վերաբերում է հին հունական պատմիչ Թուկիդիդեսի աշխատությունների հիման վրա ձևակերպված հայեցակարգին. լարվածություն է առաջանում, երբ վերելք ապրող տերությունը մարտահրավեր է նետում արդեն հաստատված տերության գերակայությանը։




























