ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես գալով բազմակողմ համագործակցության ամրապնդման կոչով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան երկրներին կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը և հարգել իրավական ինստիտուտները։

«Միջազգային իրավունքի հարցերում երկակի չափանիշներ լինել չեն կարող։ Փաստերն ակնհայտ են։ Մենք ականատես ենք դառնում միջազգային իրավունքի կանխամտածված խախտումների։ Միջազգային իրավունքի պահպանումն ու պաշտպանությունն ընտրության հարց չէ, այլ մեր պատասխանատվությունը», — հայտարարել է Կոշտան։

Նա միաժամանակ կոչ է արել պաշտպանել այն ինստիտուտները, որոնք ապահովում են միջազգային իրավունքի կիրառումը։

«Միջազգային քրեական դատարանի, դատարանի աշխատակիցների և ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներն ու հարձակումներն անթույլատրելի են»,- ասել է Կոշտան։

Թեև Կոշտան ուղղակիորեն չի նշել ԱՄՆ-ին, նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը բազմիցս քննադատել են Միջազգային քրեական դատարանը։

Երեքշաբթի ՄԱԿ-ում իր ելույթի ընթացքում Թրամփը կոչ է արել ՄՔԴ-ի մասնակից բոլոր երկրներին «անմիջապես դուրս գալ այս հանցավոր ինստիտուտից»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստացել է «վերացնել» դատարանը, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ։