Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը Փարիզին չի նախազգուշացրել Հարավային Եվրոպայում հնարավոր ռուսական հարձակման մասին, որը կարող էր առնչվել նաև Ֆրանսիային։

«Ես կարող եմ դա հերքել։ ԿՀՎ-ն չի տեղեկացրել ֆրանսիական հատուկ ծառայություններին»,- հայտարարել է Մակրոնը ֆրանսիական TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ավելի վաղ իսպանական El Mundo թերթը հայտնել էր, թե ամերիկյան հետախուզությունը, իբր, եվրոպական երկրներին նախազգուշացրել է հնարավոր ռուսական գործողության մասին՝ անօդաչու սարքերի կիրառմամբ, որոնք կարող են արձակվել Միջերկրական ծովում գտնվող առևտրային նավերից։ Հրապարակման մեջ պնդվում էր, որ հնարավոր թիրախներ կարող են դառնալ Ֆրանսիան, Իտալիան կամ Իսպանիան։

Սակայն Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանն ուժեղացնում է թշնամական և, նրա բնորոշմամբ, «հանցավոր գործողությունները» եվրոպական երկրների դեմ։ Ըստ նրա՝ Ֆրանսիան նույնպես կարող է բախվել հարձակումների՝ նման գերմանական Լայպցիգում ձախողված հարձակման փորձին։