Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, թե Իրանի կառավարության անկումը «միայն ժամանակի հարց է»՝ վստահություն հայտնելով, որ մի օր իրանցի ժողովուրդը «ազատ կլինի»։

Ելույթի ընթացքում իսրայելցի վարչապետը ցուցադրել է արբանյակային Starlink սարքը՝ հայտարարելով, որ Իրանի ղեկավարությունը «վախենում է տեխնոլոգիաներից, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս հասանելիություն ստանալու ճշմարտությանը, ընտրություն կատարելու, ազատ մտածելու և ազատ արտահայտելու մտքերը»։

Նեթանյահուն հայտարարել է, որ սարքը կթողնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին, որպեսզի նա այն փոխանցի իրանական պատվիրակությանը, որի ներկայացուցիչները բացակայում էին նրա ելույթի ժամանակ։ ՄԱԿ-ում իր ելույթների ընթացքում Նեթանյահուն բազմիցս օգտագործել է տարբեր առարկաներ և տեսողական նյութեր՝ ընդգծելու համար առանձին թեզեր, որոնք հաճախ կապված էին Իրանի հետ։

Դիմելով ՄԱԿ-ի շենքի մոտ հավաքված ցուցարարներին և իր ելույթի ընթացքում դահլիճը լքած երկրների ներկայացուցիչներին՝ Նեթանյահուն հարցրել է. «Որտե՞ղ էիք դուք, երբ իրանցի բռնակալները սպանում և խեղում էին տասնյակ հազարավոր անզեն իրանցի քաղաքացիների»։

Իսրայելի վարչապետը, որին հաջորդ ամիս դժվար ընտրություններ են սպասվում, նաև խիստ քննադատության է ենթարկել միջազգային հանրության այլ ներկայացուցիչների։ Մասնավորապես, նա մեղադրել է եվրոպական երկրներին, որոնք վերջերս հայտարարել էին բռնազավթված Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին՝ ասելով, թե նրանք տրվել են «հակասեմական ամբոխներին»։