Վրաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը Վերին Լարս - Դարյալ անցակետի միջոցով ուրբաթ առավոտյան դադարեցվել է Դևդորակի կիրճում տեղադրված անվտանգության համակարգից ստացված տագնապի ազդանշանի պատճառով, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ տագնապի ազդանշանը ստացվել է վաղ նախազգուշացման համակարգից, որը հետևում է գետի հունի փոփոխություններին ջրի մակարդակի նույնիսկ նվազագույն բարձրացման դեպքում։
«Արձանագրությանը համապատասխան՝ «Դարյալ» սահմանային կետում գտնվող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության, սահմանային ոստիկանության և մասնավոր ընկերության աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր։ Միաժամանակ, կանխարգելիչ նպատակներով, երկու ուղղություններով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է», - հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Դևդորակի կիրճում նմանատիպ ահազանգ էր ստացվել նաև մի քանի շաբաթ առաջ, այն ժամանակ երթևեկությունը դադարեցվել էր մի քանի ժամով։




























