Սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի վառելիքաէներգետիկական և ռազմարդյունաբերական համալիրների օբյեկտների դեմ իրականացված գրոհների ընթացքում վիրավորվել է 21 մարդ։ Պերմում, որտեղ հարվածի տակ է ընկել «Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ» (ՊՆՕՍ) նավթավերամշակման գործարանը, զոհվել է մի տղամարդ, հայտնել է երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը։

Վորոնեժում տուժել է 13 մարդ, այդ թվում՝ վեցամյա երեխա, որին օգնություն են ցուցաբերել տեղում, պատմել է մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։ Նրա խոսքով՝ 63-ամյա մի կին և 25-ամյա մի տղամարդ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ևս մեկ մարդ հոսպիտալացվել է, և ևս մեկը հետազոտվում է։ Վորոնեժում հարվածի տակ է հայտնվել «Վորոնեժսինթեզկաուչուկ» նավթաքիմիական ձեռնարկությունը։ Դրա հարևանությամբ գտնվում է նաև ՋԷԿ-ը, որի մոտ տեղակայված են ռուսական ՀՕՊ դիրքերը։

Ուլյանովսկում տարածաշրջանի արդյունաբերական ձեռնարկության դեմ գրոհի ընթացքում վնասվել են մի քանի բազմաբնակարան բնակելի շենքեր, հայտնել է մարզպետ Ալեքսեյ Ռուսկիխը։ Նրա տվյալներով՝ վիրավորվել է ութ մարդ, այդ թվում երկու երեխա։ Տուժածներից չորսին հոսպիտալացրել են ստացիոնար բուժհաստատություններ։ Ուկրաինայի զինված ուժերի թիրախը Ուլյանովսկում եղել է «Իսկրա գործարան»-ը՝ ձեռնարկություն, որը թողարկում է կիսահաղորդչային սարքեր, գերբարձր հաճախականության բաղադրիչներ և միկրոէլեկտրոնիկա հրթիռների համար։ Գործարանին հասցված հարվածը հայտնվել է տեսանյութում։

Բացի այդ, Ուլյանովսկի և Սամարայի մարզերի սահմանին «արտաքին միջամտության» պատճառով վնասվել են Մոսկվա — Տոլյատի գնացքի էլեկտրաքարշը և առաջին վագոնը։ Մեքենավարը վնասվածքներ է ստացել, ուղևորները չեն տուժել, հայտնել է «Կույբիշևի երկաթուղին»։ Թե ինչ միջամտության մասին է խոսքը՝ չի հստակեցվում։

Ուրբաթ առավոտյան Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը ևս հայտնել է, որ Գրայվորոնի շրջանի Չապաևսկի ավանում պայթուցիկ սարքի դետոնացիայի հետևանքով մի կին ստացել է որովայնի և ոտքերի բեկորային վնասվածքներ։ Նրան հոսպիտալացրել են № 2 քաղաքային հիվանդանոց։