Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Ռազմավիրական ճանապարհին ավտոմոբիլային երթևեկության սահմանափակումը հանել են Շրջակա միջավայրի ազգային գործակալության համապատասխան հանձնարարականն ստանալուց հետո, «Դարյալ» սահմանային անցակետը գործում է սովորական ռեժիմով, հայտնել են գերատեսչությունից։

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, Շրջակա միջավայրի ազգային գործակալության հանձնարարականի հիման վրա և հաշվի առնելով Դևդորակի կիրճում ստեղծված ընթացիկ իրավիճակը, հանել են ավտոմոբիլային երթևեկության սահմանափակումը։ Բացի այդ, «Դարյալ» սահմանային անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով»,- նշվել է ՆԳՆ հայտարարության մեջ։

ՆԳՆ-ն հայտնել է, որ ուրբաթ առավոտյան Դևդորակում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգից, որը գրանցում է փոփոխությունները գետի հունում ջրի մակարդակի նույնիսկ նվազագույն բարձրացման դեպքում, ստացվել է ազդանշան։ Արձանագրությանը համապատասխան՝ «Դարյալ» սահմանային անցակետի տարածքից այնտեղ գտնվող քաղաքացիները, ինչպես նաև պարեկային ոստիկանության, մաքսային և սահմանապահ ծառայությունների աշխատակիցներն ու մասնավոր ընկերության ներկայացուցիչները տարհանվել են անվտանգ վայր։ Միաժամանակ, կանխարգելիչ նպատակներով սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը երկու ուղղություններով։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկության համաձայն՝ ներկայում Դևդորակի կիրճում վտանգի մակարդակը հանված է։