Եմենի իշխանությունները հայտնել են երկու ահաբեկիչների ձերբակալությունների մասին, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Սանայում շքերթի փորձի ժամանակ: Ըստ զինվորականների տվյալների` ձերբակալվածները մտադիր էին երկրորդ պայթյունն իրականացնել առաջինից հետո, որի զոհ էին դարձել 100 մարդ: Երկու ձերբակալված մահապարտներն էլ, ինչպես եւ իրեն պայթեցրած ահաբեկիչը, հագած են եղել Եմենի անվտանգության կենտրոնական ուժերի աշխատակիցների համազգեստ, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 21-ին Եմենի մայրաքաղաք Սանայում ռազմական շքերթի փորձի ժամանակ ահաբեկիչ- մահապարտը պայթեցրել էր իրեն: Ահաբեկիչը ռազմական համազգեստ էր հագել եւ թափանցել էր Եմենի միավորման 22-ամյակին նվիրված շքերթի փորձի անցկացման վայր: Ռազմական շքերթը պետք է տեղի ունենա մայիսի 22-ին: Սպասվում էր, որ դրան ներկա կգտնվի Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Հադին: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ շարասյունը մոտեցել է երկրի Կենտրոնական անվտանգության ուժերի գրասենյակին: Զոհվել է 96 մարդ, 300-ը վիրավորվել են: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Անսար աշ շարիա» խմբավորումը, որը կապված է ահաբեկչական «Ալ Կաիդա» կազմակերպության հետ:


























