Երիտասարդ ֆրանսիացի ինժեներ Նիկոլաս Բորաչչինոն, դեռ ուսանող եղած ժամանակ, չորս տարի առաջ մշակել էր BentiX դյուրակիր ստորջրյա դրոնը։ Ցավոք, Kickstarter-ում իրականացված արշավը, որտեղ նա այն ժամանակ ներկայացրել էր իր գյուտը, հաջողությամբ չպսակվեց, ինչը միայն ավելի խթանեց Նիկոլասին շարունակել աշխատանքը։

Շարունակելով զարգացնել իր գաղափարը՝ նա ստեղծեց դրոնի թարմացված առևտրանյին տարբերակը։ Ինչպես առաջին մոդելի դեպքում, հիմնակմախքը նա տպել է 3D տպիչով՝ պոլիէթիլենտերեֆթալատ գլիկոլից (PETG)՝ էպօքսիդային ծածկույթով, և ամրացրել է չժանգոտվող պողպատե պտուտակներով։ Շարժումն չորս հանվող (պահեստավորման և տեղափոխման համար) վեկտորային երկկողմանի անխոզանակ շարժիչներ են ապահովում։

Նմանատիպ դրոնների պես, BentiX-ը մալուխով միացված է մակերևույթում գտնվող հեռակառավարման վահանակին՝ ջոյսթիքով։ Վահանակի վրա ցուցադրվում է դրոնի տեսախցիկից ստացվող պատկերը՝ 1080p թույլատրությամբ և 30 կադր/վայրկյան հաճախականությամբ, հաղորդում է Техкульт-ը։ Անբավարար լուսավորության դեպքում 300 լյումեն հզորությամբ երեք լուսարձակներ են միանում։ Բոլոր տեսանյութերն ու լուսանկարները պահվում են ներքին հիշողության կամ հավաքածուի մեջ ներառված 32 ԳԲ ծավալով արտաքին SD քարտի վրա։

Դրոնը կարող է աշխատել քաղցրահամ և ծովային ջրում։ Այն հագեցած է երկու բալաստային խցիկներով՝ լողունակությունը կարգավորելու համար, ի վիճակի է սուզվել մինչև 30 մետր խորության վրա և աշխատել մոտ երեք ժամ՝ 99,16 Վտ⋅ժ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցի երկժամյա լիցքավորումից հետո։

Դրոնի չափերն են՝ 32 x 32 x 16 սմ։ Այն թողարկվում է երկու տարբերակով։ BentiX Essential հավաքածուն արժե 1490 եվրո (1720 ԱՄՆ դոլար)։ Հավաքածուի մեջ ներառված են հեռակառավարման վահանակը, կոճով մալուխը, լիցքավորիչները և տեղափոխման համար նախատեսված ջրակայուն պայուսակը։ Explorer տարբերակն արժե 2090 եվրո (2411 ԱՄՆ դոլար)։ Այս հավաքածուն համալրված է 10000 լյումեն հզորությամբ LED լամպով և փոխարինվող գլխիկներով ռոբոտացված բռնակով՝ ֆունկցիոնալությունն ընդլայնելու համար։