Ես անկեղծ իմ կարծիքը ասել եմ, հիմա, թե ով իր վրա կվերցնի, ուրեմն կվերցնի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ իր հարցազրույցում ինքը նշել էր, որ կան ընդդիմադիր ուժեր, որոնք իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, իսկ երեկ Արման Թաթոյանը արձագանքել էր՝ նշելով, որ ցավում է, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս: 

Հարցին՝ Թաթոյանի՞ն նկատի ուներ, Սամվել Կարապետյանը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց. «Սպասենք, տեսնենք, թե էլ ով իր վրա կվերցնի»։

Անդրադառնալով նրան, որ ըստ սոցհարցման արդյունքների, բնակչության 80 տոկոսը համարում է, որ Տիգրանաշենը հայկական է և Փաշինյանն իրավունք չունի այն հանձնել Ադրբեջանին, արդյոք ժողովուրդը կարո՞ղ է ոտքի կանգնել և այս հարցում դիմադրություն ցույց տալ,  «Ուժեղ Հայաստանի» առաջնորդն ասաց. «Եթե ճիշտ աշխատանք տանենք, իհարկե, ժողովուրդը պարտավոր է ոտքի կանգնել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՄԱԿ–ի ամբիոնից ՀՀ վարչապետը նաև մեղադրանքներ հնչեցրեց ընդդիմության հասցեին, Սամվել Կարապետյանն ասաց. «Ինձ թվում է ինքը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում էր իր ընտրողների համար, ինձ թվում է՝ իրենց ընտրողների կյանքը մի 50 տարով երկարեց այդ ելույթից հետո»։