ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունները ներկայացնող 14 սենատորներ դիմել են նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով չեղարկել Վլադիմիր Պուտինին ուղղված հրավերը։ Ռուսաստանի նախագահին հրավիրել էին Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) դեկտեմբերյան գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով սենատորների նամակը։
«Ուկրաինայի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիվ պատերազմի ողջ պատասխանատվությունը կրում է նախագահ Պուտինը», — նշված է ուղերձում։
Օրենսդիրների համոզմամբ՝ չնայած Ուկրաինայի ուղղությամբ շարունակվող հարվածներին, Միացյալ Նահանգներում անցկացվող գագաթնաժողովին ՌԴ նախագահի մասնակցությունը կարող է լեգիտիմացնել ու սովորական դարձնել Ռուսաստանի իշխանությունների հետ ունեցած հարաբերությունները։
Նամակի հեղինակները նաև հիշեցրել են, որ Պուտինը, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և պատվիրակության մյուս անդամները գտնվում են ամերիկյան պատժամիջոցների տակ։ Սենատորների կարծիքով՝ եթե ռուսական ղեկավարությանը չմեկուսացնեն, նրանք Ուկրաինայում կրակը դադարեցնելու որևէ դրդապատճառ չեն ունենա։
Նախաձեռնության հեղինակներն են Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռոջեր Ուիքերն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեմոկրատների առաջնորդ Ջին Շահինը։ Փաստաթուղթը ստորագրել են ևս վեց դեմոկրատ և վեց հանրապետական։
Պուտինին ուղղված հրավերի փաստն ավելի վաղ հաստատել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սեպտեմբերի 23-ին նա հայտարարել էր, որ Թրամփի և համաշխարհային մյուս առաջնորդների հետ Ռուսաստանի նախագահի հանդիպումը դիտարկվում է որպես երկխոսության հնարավորություն։ Այդուհանդերձ, դեռևս հայտնի չէ՝ Պուտինը կընդունի՞ հրավերը, թե՞ ոչ։
Օգոստոսին Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում G20-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը Սիլուանովի ներկայությունը նույնպես դժգոհություն էր առաջացրել։ Եվրամիության երկրների ներկայացուցիչները պահանջում էին ռուս նախարարին հանել մասնակիցների ընդհանուր լուսանկարից։
G20-ի առաջնորդների գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել դեկտեմբերին Մայամիում։ Թեև Ռուսաստանը «Մեծ քսանյակի» անդամ է, սակայն երկրի նախագահը 2019 թվականից ի վեր անձամբ չի մասնակցել այս կազմակերպության գագաթնաժողովներին։




























