Բոտսվանան հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանին առաջադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է անձամբ բժիշկը՝ հայտարարելով իր քարոզարշավի մեկնարկը։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում իմ թեկնածության մասին, որն առաջադրել է Բոտսվանայի Հանրապետությունը»,- գրել է Թամամյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Բոտսվանայի նախագահ Դումա Բոկոյին և երկրի կառավարությանը ցուցաբերած վստահության համար։ Բժշկի խոսքով՝ Բոտսվանան ցույց է տվել, թե առողջապահության ոլորտում ինչպիսի արդյունքների կարող է հասնել պետությունը՝ հետևողական ազգային ղեկավարման դեպքում։

Թամամյանը նշել է, որ իր մասնագիտական ողջ կարիերայի ընթացքում աշխատել է որպես մանկական ուռուցքաբան և զբաղվել է բժշկական օգնության զարգացմամբ՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում։ Նրա խոսքով՝ ինքը տեսել է երեխաների, որոնք ողջ են մնացել հակառակ կանխատեսումների, ինչպես նաև երեխաների, որոնց ապրելու հնարավորությունը կախված է եղել ծննդավայրից։

«Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով է ապրելու»,- հայտարարել է նա։

Ընտրվելու դեպքում Թամամյանն իր գլխավոր անելիքը կապում է ավելի օպերատիվ ու արդյունավետ ԱՀԿ-ի ստեղծման հետ, որն ի վիճակի կլինի ավելի սերտ համագործակցել անդամ պետությունների հետ և բժշկական օգնությունը հասանելի դարձնել ամբողջ աշխարհում գտնվող մարդկանց։

Բժիշկը նաև հայտարարել է ԱՀԿ-ի նկատմամբ վստահության ամրապնդման անհրաժեշտության մասին՝ ապատեղեկատվության տարածման և միջազգային ինստիտուտների հանդեպ վստահության նվազման ֆոնին։

Գևորգ Թամամյանը Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր է, մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը։ Նա նաև ղեկավարում է Իմունաուռուցքաբանության հետազոտությունների ինստիտուտը, գլխավորում է տարբեր երկրների ուռուցքաբանական կենտրոնները միավորող POEM ցանցը և հանդիսանում է OncoDaily-ի գլխավոր խմբագիրը։

Նրա թեկնածությունն ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնի համար մղվող ներկայիս պայքարում հրապարակայնորեն հայտարարված վեցերորդն է։ Թամամյանից բացի, այս պաշտոնին հավակնում են Հանս Կլյուգեն, Հանան Բալխին, Հանան Մոհամմեդ ալ-Կուվարին, Բուդի Գունադի Սադիկինը և Մարիա Նեյրան։ Թամամյանը հրապարակայնորեն հայտարարված միակ թեկնածուն է, որին առաջադրել է ոչ իր տարածաշրջանը ներկայացնող երկիր․ նրա թեկնածությունն առաջարկել է Բոտսվանան։

ԱՀԿ-ի նոր գլխավոր տնօրենի ընտրությունները կայանալու են 2027 թվականի մայիսին՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ընթացքում։ Մինչ այդ թեկնածուները կանցնեն ընտրության մի քանի փուլ և իրենց ծրագրերը կներկայացնեն կազմակերպության անդամ պետություններին։