Առանց խաղաղության և միջազգային իրավունքի հարգման անհնար է հասնել կայուն զարգացման։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին, հայտնում է Mehr.
Ելույթ ունենալով Զարգացման գլոբալ նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը՝ Արաղչին ընդգծել է, որ միջազգային համագործակցության առանցքում զարգացման հարցերն առաջնահերթ դարձնելու անհրաժեշտությունն այսօր առավել քան հրատապ է։
Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ զարգացող երկրները շարունակում են բախվել աղքատությանն ու սովին, աճող անհավասարությանը, պարտքային բեռի մեծացմանը, ֆինանսավորման ու տեխնոլոգիաների պակասին, ինչպես նաև բնապահպանական խնդիրներին։
Նա նշել է, որ իրավիճակն ավելի են սրում զինված հակամարտությունները, հովանավորչական քաղաքականությունը, միակողմանի պատժամիջոցները, ուժի կիրառումն ու ճնշման այլ միջոցները։ Այս ամենը, Արաղչիի համոզմամբ, խաթարում է զարգացման հեռանկարներն ու փոշիացնում արդեն իսկ արձանագրված արդյունքները։
«Զարգացող երկրներին անհրաժեշտ են ֆինանսական ռեսուրսներ, տեխնոլոգիաներ, գիտելիքներ ու համագործակցություն, այլ ոչ թե նոր արհեստական խոչընդոտներ», — հայտարարել է նախարարը։
Արաղչին առանձնակի շեշտադրմամբ դատապարտել է միակողմանի պատժամիջոցները՝ որպես քաղաքական ճնշման գործիք կիրառելու պրակտիկան։ Նա ընդգծել է, որ Իրանը տասնամյակներ ի վեր ենթարկվում է նման սահմանափակումների, որոնք վերջին տարիներին էլ ավելի են խստացվել։
Արտգործնախարարի խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցները, որոնք սահմանափակում են առևտուրը, ֆինանսական ռեսուրսների, դեղորայքի, տեխնոլոգիաների, կրթության ու գիտական համագործակցության հասանելիությունը, ուղղակիորեն հարվածում են Իրանի բնակչությանը։ Սովորական քաղաքացիների համար այդ միջոցների հետևանքները նա որակել է որպես «տնտեսական ահաբեկչություն» և ՄԱԿ-ին կոչ արել հասնել դրանց ամբողջական ու անվերապահ չեղարկմանը։
Արաղչին ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է նաև Իրանի դեմ շարունակվող ագրեսիայի համար՝ հասցված հարվածներն անվանելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտում։
Նրա պնդմամբ՝ հարձակումների հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, ավերվել են քաղաքացիական ու կենսական նշանակության ենթակառուցվածքներ։ Թիրախավորված օբյեկտների թվում նա նշել է Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցներից մեկը, Պասկալի ինստիտուտը և Ֆարս նահանգի Լամերդ քաղաքի մարզահամալիրը։
Արաղչիի ձևակերպմամբ՝ այն վայրերը, որոնք պետք է խորհրդանշեին «կրթություն, առողջություն ու հույս», վերածվել են «արյան, մահվան ու ավերածությունների» գոտիների։





























