Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում երկաթուղային մալուխների դիտավորյալ վնասման պատճառով շաբաթ օրը չեղարկվել և ուշացել են հեռավոր ընթացքի գնացքները, իսկ որոշ կազմեր ուղղորդվել են այլ երթուղիներով, հայտնում է dpa-ն։
«Deutsche Bahn» օպերատորը տեղեկացրել է, որ խափանման հետևանքով խաթարվել է Դորտմունդ-Մյունխեն, Համբուրգ-Բազել, ինչպես նաև Գերմանիայի հյուսիսային շրջանների և Քյոլնի միջև ընկած երթուղիների երթևեկությունը։
«Zuginfo.nrw» տեղեկատվական պորտալի փոխանցմամբ՝ ներկայումս շարժն ամբողջությամբ դադարեցված է Գելզենկիրխենի հատվածում։ Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի վնասված ենթակառուցվածքները վերականգնելու համար։
Ոստիկանությունը քննում է Գելզենկիրխեն-Յուկենդորֆի հատվածում երկաթուղային գծի երկայնքով մալուխների ենթադրյալ գողությունը։ Վնասվածքի հետևանքով շարքից դուրս են եկել ազդանշանային համակարգերն ու երթևեկության կառավարման սարքավորումները։
Նախնական տվյալներով՝ չարագործները մի քանի տեղից կոպտորեն կտրել և պոկել են երկաթգծերի երկայնքով անցնող մալուխները։ Ոստիկանությունը պատահարի մասին ահազանգն ստացել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 05:00-ին։
Մալուխների վնասման հանգամանքներն ու վնասի հստակ չափը պարզվում են։





























