Իսպանիայում փրկել են մի կնոջ, որին, ըստ ոստիկանության տվյալների, խաբեությամբ տեղափոխել էին Պակիստան, որտեղ հարազատներն արգելափակել էին նրան և ստիպում էին ամուսնանալ զարմիկի հետ, հայտնում է AFP-ն։
Իսպանական իրավապահ մարմինների միջամտությունից հետո կնոջը վերադարձրել են Իսպանիա։
Կատալոնիայի ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 21-ին Բարսելոնայի օդանավակայանում 41 և 45 տարեկան երկու տղամարդ է ձերբակալվել։ Նրանք կասկածվում են հարկադիր ամուսնության նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ։
Ըստ քննության տվյալների՝ կինը Պակիստան էր մեկնել 2025 թվականի սեպտեմբերին, երբ հարազատներից մեկը նրան հայտնել էր, թե ընտանիքն այլևս դեմ չէ Բարսելոնայում համակարգչային խանութի սեփականատեր հանդիսացող Պակիստանի քաղաքացու հետ նրա հարաբերություններին։
Սակայն Պակիստան ժամանելուն պես, ինչպես պնդում է ոստիկանությունը, հարազատները խլել են նրա իսպանական անձնագիրը, փակել նրան տանն ու կնոջ կամքին հակառակ կազմակերպել նրա ամուսնությունը զարմիկի հետ։
Ապրիլին նրա զուգընկերը ոստիկանությանը հայտնել էր, որ կնոջը հարազատներն ուժով տեղափոխել են Պակիստան։ Ավելի վաղ Բարսելոնայում նրա վրա սառը զենքով հարձակվել էին երկու տղամարդ, որոնց քննությունը կապում է այս գործի հետ։
Իսպանական ոստիկանությունը Պակիստանում Իսպանիայի դեսպանատան հետ համատեղ պարզել է կնոջ գտնվելու վայրն ու կազմակերպել նրա վերադարձը։ Իսպանիա ժամանելուց հետո նա մասնագիտացված օգնություն է ստացել։
Հետաքննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը փորձում է պարզել բոլոր այն անձանց ինքնությունը, որոնք կարող են առնչություն ունենալ հարկադիր ամուսնության ու կնոջ զուգընկերոջ վրա հարձակման հետ։
Իշխանությունների տվյալներով՝ Բարսելոնայում գրանցված է Պակիստանի ավելի քան 26 հազար քաղաքացի։ Իտալացիներից ու կոլումբիացիներից հետո սա քաղաքում օտարերկրյա քաղաքացիների ամենամեծ երրորդ խումբն է։





























