ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են 30-ական միլիարդ դոլարի ոչ ռազմավարական նշանակության ապրանքների համար երկկողմ ավելի բարենպաստ մաքսային պայմաններ սահմանել։ Բացի այդ, երկրները ներդրումների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը քննարկելու նոր մեխանիզմներ կստեղծեն։ Այս մասին նշված է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի արդյունքներն ամփոփող Սպիտակ տան հաղորդագրությունում։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Առևտրի նոր խորհրդի շրջանակում, որը պետք է դառնա երկու երկրների փոխգործակցության հիմնական ուղիներից մեկը։ Կողմերը նաև աշխատանքային խումբ են ստեղծել՝ միմյանց շուկաներում գյուղմթերքի իրացման խոչընդոտները վերացնելու նպատակով։
Ամերիկյան արտահանման դեպքում խոսքը գյուղմթերքի, ձկան ու ծովամթերքի, փայտանյութի, կոսմետիկայի և բժշկական սարքավորումների մասին է։ Իսկ ԱՄՆ արտահանվող չինական ապրանքների ցանկում են հայտնվել կենցաղային տեխնիկան, խաղալիքները, տոնական զարդարանքներն ու մանկական ավտոնստատեղիները։
Վաշինգտոնն ու Պեկինը նաև Ներդրումների խորհուրդ են հիմնել։ Այն զբաղվելու է հնարավոր ներդրումային ծրագրերի, ներդրումային խոչընդոտների և հարակից այլ հարցերի քննարկմամբ։
Կողմերը կշարունակեն աշխատել հազվագյուտ հողային մետաղների և ռազմավարական նշանակություն ունեցող այլ հանքանյութերի մատակարարման խնդիրների լուծման ուղղությամբ։ ԱՄՆ-ն ու Չինաստանը հույս ունեն մատակարարումների ծավալները վերականգնել և հասցնել ընդունելի մակարդակի։
Երկրների ղեկավարներն առանձին անդրադարձել են նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության և արտադրության դեմ պայքարին։ ԱՄՆ-ն ողջունել է Չինաստանի որոշումը՝ վերահսկողություն սահմանելու վտանգավոր թմրամիջոցների շարքին դասվող օրֆինների, ինչպես նաև ֆենտանիլի պրեկուրսորների արտադրության մեջ կիրառվող երկու քիմիական նյութերի արտահանման նկատմամբ։
Սպիտակ տան տվյալներով՝ դեռ օգոստոսին, ամերիկյան իրավապահներից ստացված տեղեկությունների հիման վրա, Չինաստանի իշխանությունները ձերբակալել էին ՉԺՀ 21 քաղաքացու։ Նրանք կասկածվում են Հյուսիսային Ամերիկայում գործող թմրաբարոնների համար քիմիական պրեկուրսորներ արտադրելու և տարածելու մեջ։ Վաշինգտոնը հորդորել է Պեկինին՝ չինական օրենսդրության շրջանակում առավելագույնս խիստ պատիժ սահմանել մեղադրյալների նկատմամբ։
Թրամփը նաև հորդորել է Սի Ծինփինին մեծացնել նավթամթերքի արտադրության ծավալները՝ համաշխարհային շուկայում մատակարարումները կայունացնելու նպատակով։
Հանդիպման ևս մեկ արդյունք էր «գերբանականության» (Super Intelligence, SI) շուրջ ամերիկա-չինական երկխոսության մեկնարկը։ Կողմերը մտադիր են քննարկել այս տեխնոլոգիաների հնարավոր ռիսկերն ու առավելությունները։ Կարծիքների հաջորդ փոխանակումը նախատեսվում է անցկացնել մինչև 2026 թվականի նոյեմբերը։ ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են նաև երկկողմ կապի ուղի ստեղծել՝ գերբանականության հետ կապված միջադեպերն արագ քննարկելու նպատակով։
Առաջնորդները պայմանավորվել են պահպանել «ռազմավարական կայունությանն ուղղված կառուցողական հարաբերություններ», որոնք, ըստ Սպիտակ տան հաղորդագրության, հիմնված են հարգանքի, արդարության և փոխադարձության վրա։ Բացի այդ, նրանք քննարկել են միջազգային օրակարգի հարցեր՝ անդրադառնալով Ռուսաստանին, Հյուսիսային Կորեային և Իրանին։
ԱՄՆ-ն ու Չինաստանը մտադիր են աջակցել միմյանց՝ որպես G20-ի և ԱԽՏՀ (APEC) գագաթնաժողովները հյուրընկալող երկրներ։ Թրամփն ու Սի Ծինփինը պատրաստակամություն են հայտնել փոխադարձաբար մասնակցել միմյանց երկրներում անցկացվելիք այդ գագաթնաժողովներին։




























