ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակն իր տվյալների բազայում ավելացրել է ևս 61 ընկերություն, որոնք, կառույցի գնահատմամբ, առնչվում են բռնազավթված Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերում իրականացվող գործունեությանը և կարող են մեղսակից լինել պաղեստինցիների իրավունքների ոտնահարմանը, հայտնում է Associated Press-ը։
Թարմացումից հետո բազայում ընդգրկված է 11 երկիր ներկայացնող 214 ընկերություն։ Դրանց ճնշող մեծամասնությունն իսրայելական է։ Ընդ որում, նախորդ թարմացման ժամանակ ցուցակում հայտնված 158 ընկերությունից հինգը հանվել են բազայից։
Այս բազան առաջին անգամ հրապարակվել է 2020 թվականին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի որոշումից հետո։ Այն ստեղծվել է նախևառաջ իսրայելական բնակավայրերի հետ գործարար կապեր ունեցող ընկերությունները բացահայտելու և հրապարակայնորեն մատնանշելու նպատակով։ Ցուցակում հայտնվելն ինքնին պատժամիջոց չէ և ՄԱԿ-ի գրասենյակին իրավունք չի տալիս ընկերություններին որևէ գործողություն պարտադրել։
Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ, թե բազայում հայտնվելն ինչ ֆինանսական ազդեցություն է ունեցել նշված ընկերությունների վրա։
«Այս զեկույցը կրկին հիշեցնում է ընկերություններին մարդու իրավունքների ոլորտում իրենց ունեցած պարտավորությունների և պատշաճ ստուգումներ իրականացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի նրանք չներքաշվեն մարդու իրավունքների խախտումների կամ չարաշահումների մեջ», — հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը։
Իսրայելը մերժել է բազայի հրապարակումը։ Ժնևում Իսրայելի դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ «կտրականապես անընդունելի է համարում» այն։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակից հայտնել են, որ ընկերություններին տեղեկացրել են բազայում հայտնվելու մասին և հնարավորություն են ընձեռել նրանց՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումը։
Բազայի թարմացումը տեղի է ունենում բռնազավթված Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի նկատմամբ միջազգային հանրության աճող ուշադրության ֆոնին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Մեծ Բրիտանիան արգելել էր Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը։ Ֆրանսիան և Կանադան նույնպես հայտարարել են նմանատիպ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին։
Ի տարբերություն առևտրային ազգային սահմանափակումների՝ ՄԱԿ-ի բազան ինքնին արգելքներ չի սահմանում նշված ընկերությունների համար։ Դրա նպատակը այն գործարար կապերի հրապարակային արձանագրումն է, որոնք, ըստ ՄԱԿ-ի գրասենյակի, առնչվում են իսրայելական բնակավայրերի գործունեությանը։





























