Գերմանիայում գրեթե 100 մետրանոց հողմատուրբինի շեղբ տեղափոխող բեռնատարը խրվել է ավտոբանի նեղ հատվածում, ինչի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է միանգամից երկու մայրուղիներում, հայտնել է Bild-ը։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան A43 ավտոբանում՝ Ռեքլինգհաուզենի հանգույցի մոտ, Հյուսիսային Հռենոս — Վեսթֆալիա երկրամասում։ Ոստիկանության տվյալներով՝ վարորդն անտեսել է նախազգուշացնող նշանները, որ տվյալ հատվածը նախատեսված չէ ծանրաքաշ տրանսպորտի երթևեկության համար։
«Այս հատվածում ավտոբանը փակ է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար։ Դրանք պետք է շրջանցեն, քանի որ հետագա երթուղին հատում է Հռենոս — Հեռնե ջրանցքը», — Bild թերթին հայտնել է Մյունսթերի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը։
Ջրանցքի հին կամրջի վրա տեղադրված են ավտոմատ արգելապատնեշ և կշռման համակարգ, որոնք պետք է թույլ չտան ավելի քան 3,5 տոննա զանգված ունեցող տրանսպորտի անցումը։
Այն բանից հետո, երբ բեռնատարն արգելափակել է երթևեկությունը A43-ում, ոստիկանությունն այն ուղարկել է ճանապարհաեզր։ Դա հնարավորություն է տվել վերականգնել երթևեկությունը մնացած ճանապարհներից մեկով։
Սակայն անսովոր լայն և երկար կառուցվածք ունեցող տրանսպորտային միջոցը միանգամից դուրս բերել չի հաջողվել։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հաջորդ երկու օրերի ընթացքում մի քանի փորձ է արվել բեռնատարն ու շեղբը դուրս բերել դժվարին իրավիճակից։
Ուրբաթ երեկոյան վարորդը համաձայնել է հետ գնալ մոտակայքում գտնվող A2 ավտոբան։ Դրա համար երկրորդ ավտոբանն էլ է ժամանակավորապես փակվել։ Մանևրից հետո բեռնատարին թույլատրվել է շարունակել ճանապարհը՝ շաբաթ օրը կեսգիշերից հետո։
Ժամանակակից հողմատուրբինների շեղբերի փոխադրումը բարդ լոգիստիկ խնդիր է․ դրանց երկարությունը կարող է հասնել տասնյակ մետրերի, իսկ երթուղին պետք է նախապես հաշվարկվի՝ հաշվի առնելով կամուրջները, հանգույցները, շրջադարձերը և ծանրաքաշ տրանսպորտի սահմանափակումները։ Այս դեպքում երթուղու անհամապատասխանությունը բեռի չափերին հանգեցրել է մի քանի օր տևած դժվարությունների ճանապարհներին։
Գերմանական WDR և Tagesschau պարբերականները նույնպես հայտնել են, որ A43-ում մի քանի օր մնալուց հետո շեղբը տեղափոխող տրանսպորտային միջոցը դուրս է բերվել բարդ իրավիճակից անսովոր եղանակով՝ հետընթաց շարժվելով A2-ի հանգույցով։




























