Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ ամենայնի նկատի ունենալով Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը, հայտարարել է, որ «ռազմական հանցագործները» տեղ չունեն կազմակերպության ամբիոնում, և նրանք պետք է դատարանում պատասխան տան իրենց գործողությունների համար։
«Ռազմական հանցագործները չպետք է լինեն ՄԱԿ ամբիոնում, նրանց տեղը դատարանների դահլիճներում է, որտեղ նրանք պատասխան կտան իրենց թափած արյան համար», — ասել է Էրդողանը Ստամբուլում 29-րդ Միջազգային բիզնես համաժողովի փակման արարողության ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահի խոսքով, եթե «ցեղասպանություն իրականացնող» մարդիկ պատասխանատվության չենթարկվեն արդարադատության և պատմության առջև, նման հանցագործությունները կարող են կրկնվել։
Էրդողանը նաև հայտարարել է, որ պաղեստինյան ժողովուրդը միայնակ չէ և առանց աջակցության չի մնացել։
«Գազայում մեր եղբայրներն ու քույրերը միայնակ չեն արդարության համար իրենց պայքարում», — ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանն ապրում է «ճգնաժամերի լիածավալ փոթորիկ», իսկ Թուրքիան գտնվում է տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը սպանել է հազարավոր քուրդ բնակիչների և ժխտում է Հայոց ցեղասպանությունը։
Նեթանյահուն նաև մեղադրել էր Էրդողանին հակասեմական ստեր տարածելու մեջ։





























