Գերմանիայում շաբաթ օրը տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր՝ ընդդեմ կառավարության կողմից ծրագրվող բարեփոխումների և սոցիալական ծախսերի հնարավոր կրճատման, հայտնել է dpa-ն։

Գերմանական արհմիությունների կոնֆեդերացիայի (DGB) տվյալներով՝ երկրի 15 խոշոր քաղաքներում անցկացված ակցիաներին մասնակցել է մոտ 175 հազար մարդ։

Բողոքի ակցիաների մասնակիցները հանդես են եկել սոցիալական երաշխիքների պահպանման օգտին և ընդդեմ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կոալիցիոն կառավարության ծրագրերի՝ փոխելու աշխատանքային ժամանակի և կենսաթոշակային համակարգի կանոնները, ինչպես նաև կրճատելու սոցիալական վճարումները։

Ակցիաներն անցկացվել են «Ձեռք է բերվել ծանր աշխատանքով։ Քո աշխատանքը։ Քո առողջությունը։ Քո կենսաթոշակը» կարգախոսով։ DGB-ում հայտարարել են, որ բողոքները պետք է դառնան կառավարության համար «հստակ ազդանշան»։ Արհմիության կարծիքով՝ խոսքը վերաբերում է աշխատատեղերի, արժանապատիվ աշխատանքային պայմանների և աշխատողների իրավունքների պաշտպանությանը։

Ելույթ ունենալով Էսսենում՝ DGB-ի ղեկավար Յասմին Ֆահիմին քննադատել է կառավարության ծրագրերը աշխատանքային ժամանակի և կենսաթոշակային համակարգի բարեփոխման վերաբերյալ և զգուշացրել սոցիալական վճարումների կրճատման անթույլատրելիության մասին։

Ամենամարդաշատ ակցիան տեղի է ունեցել Նյուրնբերգում։ Ոստիկանության տվյալներով՝ մասնակցել է 20-25 հազար մարդ։ Էսսենում ոստիկանությունը հաշվել է մոտ 12 հազար մասնակից, Ֆրանկֆուրտում՝ 15 հազար, Հաննովերում՝ մոտ 13 հազար, Շտուտգարտում՝ 16 հազար։ Բեռլինում ակցիային մասնակցել է մոտ 5,5 հազար մարդ, Ֆրայբուրգում՝ 4,5 հազար։

Բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացվել նաև Համբուրգում, Քիլում, Ռոստոկում, Մագդեբուրգում, Լայպցիգում, Էրֆուրտում և Սաարբրյուքենում։ Օրվա երկրորդ կեսին DGB-ն ամբողջ երկրով մեկ մասնակիցների ընդհանուր թիվը գնահատել է մոտ 175 հազար մարդ։

Զանգվածային ակցիաներն անցկացվում են գերմանական տնտեսության լուրջ խնդիրների ֆոնին, մասնավորապես՝ ավտոմոբիլային արդյունաբերությունում, որտեղ բազմաթիվ աշխատողներ վախենում են աշխատատեղերի կրճատումից։ Միաժամանակ, իշխող կոալիցիան շարունակում է վիճել հետագա տնտեսական և սոցիալական բարեփոխումների շուրջ։

Արհմիությունները բողոքի ակցիաների անցկացման մասին հայտարարել էին դեռ հուլիսին։ Սեպտեմբերի կեսերին՝ Մեքլենբուրգ — Առաջավոր Պոմերանիայի և Բեռլինի երկրամասային խորհրդարանների ընտրություններից հետո, որոնց արդյունքները լուրջ անհաջողություն դարձան Մերցի կուսակցության համար, կանցլերը հայտարարել է, որ բարեփոխումները պետք է շարունակվեն։

Վերջին շաբաթներին քաղաքական վեճերի գլխավոր թեմաներից մեկը դարձել է կենսաթոշակային համակարգը։ Այս շաբաթ իշխող կոալիցիայի ներսում սրվել են նաև տարաձայնությունները սոցիալական օգնության հարցերի շուրջ։