«Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Էյզենկոտը, որը համարվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր մրցակիցն առաջիկա համընդհանուր ընտրություններում, կառավարության ղեկավարին անվանել է «պաթոլոգիական ստախոս» և մեղադրել նրան իսրայելական հասարակությունում «անազնվության մշակույթ» ձևավորելու մեջ, հայտնել է The Times of Israel-ը։
«Պաթոլոգիական ստախոս՝ եբրայերենով էլ, անգլերենով էլ», — հայտարարել է Էյզենկոտը՝ խոսելով Նեթանյահուի մասին։
Նրա խոսքով՝ վարչապետը թերագնահատում է ռազմավարության նշանակությունը, ձգձգում է պատերազմները և երկարատև հակամարտությունը դիտարկում է որպես քաղաքական գոյատևման գործիք։
Էյզենկոտին հարցրել են իր իսկ հայտարարությունների մասին, որոնք նա արել էր 2019 թվականի հունվարին, երբ զբաղեցնում էր Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Այդ ժամանակ նա աջակցում էր Կատարի միջոցների փոխանցմանը Գազայի հատված։ Այժմ Էյզենկոտը կտրուկ քննադատում է Նեթանյահուին այս համակարգը շարունակելու համար։
Քաղաքական գործչի խոսքով՝ 2018 թվականի նոյեմբերին նա վերահսկել է նման փոխանցումներից մեկը՝ 15 մլն դոլարի չափով։ Էյզենկոտը պնդում է, որ գործողությունն անցել է առանց խախտումների, և միջոցները հասել են նախատեսված ստացողներին։ Այն ժամանակ հաղորդվում էր, որ գումարը նախատեսված էր Գազայի կարիքավոր բնակիչների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի քաղաքացիական կառույցների համար՝ նրանց աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու նպատակով։
Էյզենկոտը հայտարարել է, որ մոտ երկու տարի առաջ իմացել է Իսրայելի Շին-Բեթ անվտանգության ծառայություն նախազգուշացման մասին, որն արվել էր ավելի ուշ՝ արդեն 2019 թվականին, իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։
Նրա խոսքով՝ ծառայությունը պարզել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևը ստացել է ավելի քան 4 մլն դոլար Կատարի հերթական՝ 15 մլն դոլարի փոխանցումից, և խորհուրդ էր տվել դադարեցնել գործող սխեման։
Սակայն, պնդում է Էյզենկոտը, Նեթանյահուն որոշել է շարունակել փոխանցումները ևս մի քանի տարի՝ դրանով փաստացի աջակցելով ՀԱՄԱՍ-ին։
«Սա բոլորովին անհիմն որոշում է, կամ կա ինչ-որ գաղտնի տեղեկատվություն, որի մասին ես չգիտեմ։ Սա պետք է քննվի», — հայտարարել է նա։
Էյզենկոտը նաև խուսափել է ուղիղ պատասխան տալ 2024 թվականին իր հրապարակային հայտարարությունների մասին հարցերին, որոնցում նա աջակցում էր Լիբանանում «Հեզբոլլահի» հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրին։ Նրա խոսքով՝ փակ դռների հետևում ինքը, ընդհակառակը, Նեթանյահուին կոչ էր անում շարժման դեմ անցկացնել ավելի լայնածավալ գործողություն, որի նախապատրաստումը նա վերահսկում էր։ Ինչպես պնդում է Էյզենկոտը, Իսրայելի վարչապետը դեմ է հանդես եկել այդ առաջարկին։
«Սա է Նեթանյահուի գլխավոր խնդիրը։ Նա թերագնահատում է ռազմավարության նշանակությունը, ձգձգում է պատերազմը և անվերջ պատերազմը դիտարկում որպես քաղաքական գոյատևման գործիք», — հայտարարել է Էյզենկոտը։




























