Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել հետաքննել եվրոպական ռազմական բազաների օգտագործումը՝ ԱՄՆ-ի ռազմական գործողությանն աջակցելու գործում՝ հայտարարելով, որ դա կարող է առաջացնել եվրոպական պետությունների միջազգային-իրավական պատասխանատվություն։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Դարզիի՝ կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, հաղորդում է Mehr-ը։

Դիմելու առիթ է դարձել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքը, որը սեպտեմբերի 23-ին հայտարարել էր Իրանի դեմ ամերիկյան «Էպիկական ցասում» գործողության համար եվրոպական ենթակառուցվածքի լայնածավալ օգտագործման մասին։

Ըստ Ռյուտեի, փետրվարի 28-ից գործողության աջակցման նպատակով եվրոպական բազաներից իրականացվել է շուրջ 5 հազար թռիչք։ Նա ճշտել է, որ այս թիվը ներառում է միայն մինչև ապրիլի կեսը ընկած ժամանակահատվածը, ուստի թռիչքների իրական քանակը, հավանաբար, զգալիորեն ավելի մեծ է։ Ռյուտեն նաև հայտարարել է, որ առանց Եվրոպայի՝ որպես ամերիկյան ռազմական հզորության պրոյեկցիայի հարթակի, գործողության իրականացումը չափազանց դժվար կլիներ։

Դարզիի նամակում ընդգծվում է, որ այս հայտարարությունները վկայում են Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունների ապահովման գործում եվրոպական տարածքի և ենթակառուցվածքի նշանակալի դերի մասին։

Իրանական կողմի կարծիքով, դա կարող է առաջ քաշել այն պետությունների պատասխանատվության հարցը, որոնք տրամադրել են իրենց տարածքը, օդային տարածքը, ռազմական օբյեկտները և այլ լոգիստիկ հնարավորություններ։

Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է եվրոպացի պաշտոնյաների հնարավոր անհատական քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, եթե հաստատվի նրանց մասնակցությունն այն գործողությունների պլանավորմանը, նախապատրաստմանը, ապահովմանը կամ իրականացմանը, որոնք Թեհրանը համարում է ագրեսիայի ակտեր և ռազմական հանցագործություններ։

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ քննարկել այս հարցը՝ հղում անելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հարցում դրա պատասխանատվությանը։

Թեհրանը կրկին հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները խախտում են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության 2(4)-րդ հոդվածը, որը արգելում է ուժի սպառնալիքը կամ դրա կիրառումը պետությունների տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։ Նամակում հիշատակվում է նաև Իրանի դեմ սահմանված շրջափակումը, որը իրանական կողմը համարում է անօրինական։

Դարզին նշել է, որ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3,6 հազար մարդ, այդ թվում՝ առնվազն 254 երեխա և 251 կին։ Վիրավորների թիվը շատ ավելի մեծ է։

Իրանը կարծում է, որ առանձին եվրոպական երկրներ կարող էին խախտել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իրենց պարտավորությունները՝ ԱՄՆ-ին տրամադրելով տարածք, օդային տարածք, ռազմական օբյեկտներ և լոգիստիկ աջակցություն։ Նամակում հիշատակվում է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314-րդ (XXIX) բանաձևը, որը սահմանում է ագրեսիայի հասկացությունը։ Թեհրանը պնդում է, որ որոշ հանգամանքներում եվրոպական պետությունների գործողությունները կարող են դիտարկվել որպես ագրեսիայի ակտին մասնակցություն կամ օժանդակություն։

Միևնույն ժամանակ, Ռյուտեի հայտարարությունները ավելի վաղ արդեն վեճերի տեղիք էին տվել Եվրոպայում։ Մասնավորապես, իտալական իշխանությունները վիճարկել էին Իրանի դեմ գործողության համար Իտալիայում ամերիկյան բազաների օգտագործման մեկնաբանությունը՝ հայտարարելով, որ թույլատրել էին երկկողմ համաձայնագրերով նախատեսված լոգիստիկ և տեխնիկական թռիչքները, այլ ոչ թե իտալական կողմի մասնակցությունը ռազմական գործողություններին։