Հզոր փոթորիկը հարվածել է Նյու Յորքին և ԱՄՆ-ի արևելյան ափի այլ շրջաններին՝ առաջացնելով հորդառատ անձրևներ, ուժեղ քամի և լայնածավալ ողողումներ, հայտնում է New York Post-ը։
Նյու Յորքում զոհվել է 56-ամյա մի տղամարդ, որի վրա Բրուքլինում ծառ է ընկել։
Ոստիկանության տվյալներով, տեղական ժամանակով շաբաթ օրը մոտ 15:30-ին ծսռն ընկել է Իսթ Նյու Յորք թաղամասի Յուկլիդ ավենյուում։ Տղամարդը ստացել է ծանր վնասվածքներ և տեղափոխվել Բրուքդեյլ հիվանդանոց, որտեղ մոտավորապես 17:00-ին մահացել է։

Փոթորիկը Նյու Յորքի շրջանին պատուհասել ուրբաթ ուշ երեկոյան։ Կանխատեսումների համաձայն, մինչև երկուշաբթի, երբ այն կհեռանա դեպի ծով, քաղաքում կարող են տեղալ մինչև 20 սանտիմետր տեղումներ։ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի որոշ շրջաններում քամու պոռթկումների արագությունը կարող է հասնել ժամում 130 կիլոմետրի։
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը արտակարգ դրություն է հայտարարել Նյու Յորքում, Ուեսթչեսթեր շրջանում և Լոնգ Այլենդում։ Նա բնակիչներին զգուշացրել է, որ տարերքի ամենածանր հետևանքները դեռ առջևում են։

Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել առափնյա շրջաններում։ Հորդառատ անձրևները համընկել են բարձր մակընթացության հետ, ինչի հետևանքով ողողվել են Քուինսի, Սթեյթեն Այլենդի, Լոնգ Այլենդի և Նյու Ջերսիի ափամերձ հատվածների փողոցները։ Որոշ վայրերում ջուրն այնքան էր բարձրացել, որ բնակիչները փողոցներով տեղաշարժվում էին կայակներով և սափբորդներով։
Քուինսում ողողումների և կտրված լարերի պատճառով ստիպված են եղել փոխել մի քանի ավտոբուսների երթուղիները։ Long Island Rail Road-ի Port Jefferson և Long Branch ուղղություններով գնացքների երթևեկությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ ծառեր էին ընկել ռելսերի վրա։
Փոթորիկը վնասել է նաև էլեկտրահաղորդման գծերը։ Շաբաթ առավոտյան Ատլանտյան ափին ավելի քան 100 հազար տուն և ձեռնարկություն շարունակում էին մնալ առանց էլեկտրականության, այդ թվում՝ մոտ 30 հազար սպառող Նյու Ջերսիում և 20 հազար՝ Նյու Յորքում։ Նյու Ջերսիի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ութ շրջաններում։

Նյու Յորքում երկու ոստիկան վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ Գլենդեյլ թաղամասի Jackie Robinson Parkway-ում ծառ և լուսավորության գծի հենասյուն է ընկել։ Մինչ ոստիկանները սպասում էին կոմունալ ծառայություններին, նրանց կանգնած մեքենային բախվել է Nissan ամենագնացը։ Երկու ոստիկաններն էլ տեղափոխվել են հիվանդանոց՝ կայուն վիճակում։ Ամենագնացի 60-ամյա վարորդին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում։
Տարերքը խաթարել է նաև տարածաշրջանի մշակութային կյանքը։ Նյու Յորքում չեղարկվել է Կենտրոնական պարկում նախատեսված Global Citizen փառատոնը, որը պետք է համախմբեր մոտ 60 հազար մարդու, ինչպես նաև Քուինսի Forest Hills մարզադաշտում կայանալիք All Things Go փառատոնը։ Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը չեղարկել է Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորոյում հանգստյան օրերին նախատեսված համերգները։
Կանխատեսումների համաձայն, Նյու Յորքում կտեղա 10-ից 15 սանտիմետր անձրև, իսկ Նյու Ջերսիի առափնյա և արևելյան Լոնգ Այլենդի առանձին հատվածներում՝ մինչև 20 սանտիմետր։
Վտանգը կապված է ոչ միայն տեղումների հետ։ Երկարատև հյուսիս-արևելյան քամիները համընկել են բարձր մակընթացության հետ, ինչի հետևանքով առափնյա շրջաններում ջրի մակարդակը կարող է լինել վերջին մի քանի տարիների ամենաբարձրերից մեկը։ Ուժեղ ալիքներն արդեն իսկ առաջացրել են լողափերի էրոզիա։
Օդերևութաբանները նաև նախազգուշացնում են ծառերի նոր անկումների և էլեկտրականության անջատումների մասին։ Տարածաշրջանում հողն արդեն հագեցած է ջրով վերջին անձրևներից հետո, իսկ ծառերը դեռևս ծածկված են տերևներով, ինչը ուժեղ քամու ժամանակ մեծացնում է դրանց վրա ծանրաբեռնվածությունը։ Այդ պատճառով որոշ շրջաններում էլեկտրամատակարարման խափանումները կարող են շարունակվել մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը։
Նյու Յորքի իշխանությունները ցածրադիր և առափնյա շրջանների բնակիչներին կոչ են արել պահպանել անվտանգության միջոցները։ Նկուղային տարածքներում բնակվողներին խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի բարձր հարկեր՝ ջրածածկման վտանգի պատճառով։





























