ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է վարվել՝ մերժելով յոթ օրով Հորմուզի նեղուցը բացելու մասին Իրանի առաջարկը։
Ըստ Ուիթաքերի, Թեհրանը ձգտում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ այն ճնշման պատճառով, որը, նրա պնդմամբ, Վաշինգտոնը գործադրում է Իրանի նկատմամբ ռազմածովային շրջափակման և պատժամիջոցների միջոցով։
«Նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնության գալ»,- հայտարարել է դեսպանը։
Միաժամանակ Ուիթաքերը մերժել է Իրանի՝ նեղուցը ժամանակավորապես բացելու առաջարկը՝ նման նախաձեռնությունները անվանելով «կիսամիջոցներ» և «պատրանքային գործարքներ»։
«Բայց այդ կիսամիջոցները, որոնք նրանք առաջարկել են, կամ պատրանքային գործարքները, որոնք կոչված են նրանց միջազգային ասպարեզում շահավետ լույսի ներքո ներկայացնել, պարզապես անընդունելի են»,- ասել է նա։
Ուիթաքերը նաև մեկնաբանել է նավթի և բենզինի գների աճի վերաբերյալ մտահոգությունները։ Նրա կարծիքով, էներգետիկ շուկայում իրավիճակը պետք է բարելավվի ընթացիկ հակամարտությունների ավարտից հետո։
«Ի վերջո, երբ սա հաջողությամբ ավարտվի, երբ այս պատերազմները կարգավորվեն Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների շահերից ելնելով, մենք շուկայում կտեսնենք նավթի, գազի և դիզելային վառելիքի մեծ քանակ, և դա պետք է տեղի ունենա շուտ, այլ ոչ թե ուշ»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։





























