Եմենում երկրի միավորման տարեդարձի առթիվ կազմակերպվելիք զորահանդեսը չեղյալ են հայտարարել նախօրեին զորահանդեսի նախապատրաստության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով:

Ինչպես հաղորդում է AFP-ն, այսօր` մայիսի 22-ին, Սանայում, բոլոր դեպքերում, տեղի կունենա խորհրդանշական տոնական միջոցառում` Եմենի պաշտպանության եւ օդուժի քոլեջում: Սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի երկրի նախագահ Աբդ Րաբբո Հադին:

Նախօրեին Հադին խոստացել է ամբողջությամբ ոչնչացնել «Ալ-Կաիդայի» եմենյան կառույցը, ով վերցրել էր տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին, մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն ռազմական շքերթի փորձի ժամանակ, Եմենի մայրաքաղաք Սանայում: Զոհվել է առնվազն 50 զինվորական:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մահապարտը զինվորական համազգեստ է հագել եւ ներթափանցել շքերթի անցկացման վայր: Շքերթը պետք է կայանար մայիսի 22-ին: Ակնկալվում էր, որ դրան մասնակցելու է Եմենի նախագահ Աբդ Րաբբո Հադին:

Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հեռանալուց հետո իրավիճակը երկրում զգալիորեն բարդացել է: Երկրում ակտիվացել են իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունները, մասնավորապես «Ալ-Կաիդայի» Եմենի կառույցը: