ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սահմանել է Գինեսի ռեկորդ՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կին հրշեջ։ Քելսոյի հասակը ընդամենը 1 մետր 35 սանտիմետր է, հայտնում է UPI-ն։
Քելսոն արդեն հինգ տարի աշխատում է որպես հրշեջ Սենթ-Փիթ Բիչ քաղաքում։ Մինչև այդ նա 20 տարի զբաղվել է կորպորատիվ կարիերայով, իսկ հրշեջ ծառայությունում իրեն փորձելու առաջարկը նրան արել էին ընկերները, որոնք աշխատում էին տեղական հրշեջ բաժանմունքում։
Ըստ Քելսոյի, ռեկորդի համար հայտ ներկայացնելու գաղափարը սկզբում գործընկերների շրջանում կատակ էր։ Հրշեջներից մեկը մի օր որոշել էր ստուգել՝ արդյոք նման ռեկորդ գոյություն ունի, և պարզել էր, որ Քելսոն լիովին կարող է հավակնել դրան։ Անհրաժեշտ չափումներից և փաստաթղթերի ձևակերպումից հետո արդյունքը պաշտոնապես հաստատվել է Guinness World Records-ի կողմից։
Միևնույն ժամանակ, ցածր հասակը չի խանգարում Քելսոյին պարտականությունները կատարել գործընկերների հետ հավասար։ Հրշեջները ստիպված են մտնել այրվող շենքեր, տեղափոխել ծանր սարքավորումներ և աշխատել չափազանց բարդ պայմաններում։
Ավելին, Քելսոն կարծում է, որ իր հասակը երբեմն իրեն առավելություն է տալիս։ Օրինակ՝ նրան ավելի հեշտ է սողոսկել պատուհաններից և աշխատել նեղ տարածքներում, այդ թվում՝ փոքր ձեղնահարկային հատվածներում։
Գործընկերները նրան «սարդ-կապիկ» մականունն են տվել՝ դժվարամատչելի տեղեր բարձրանալու ունակության համար։
«Ես պարզապես կատարում եմ իմ աշխատանքը», — ասել է Քելսոն՝ հավելելով, որ իր հասակը երբեք չպետք է դառնա մասնագիտությունից հրաժարվելու պատճառ։
Նա կոչ է արել մյուս մարդկանց թույլ չտալ, որ շրջապատողները սահմանափակեն իրենց հնարավորությունները։ Նրա համոզմամբ, հրշեջ ծառայությունը ցանկացած մարդուց պահանջում է լուրջ ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն՝ անկախ հասակից։
«Մի վախեցեք ռիսկի դիմել։ Թույլ մի տվեք, որ ուրիշները ձեզ համար սահմաններ դնեն», — ասել է Քելսոն։
Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենակարճահասակ տղամարդ հրշեջը Վինս Բրասկոն է։ Նրա հասակը մոտ 1 մետր 27 սանտիմետր է։




























