Աֆղանական ուժերը ոչնչացրել են 28 և վիրավորել 32 գրոհայինի այն բանից հետո, երբ զինված խումբը հատել է Պակիստանի հետ սահմանը և մտել երկրի արևելքում գտնվող Նուրիստան նահանգ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով, խմբի կազմում եղել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ, իսկ մնացած մասնակիցների մեծ մասը նախկին աֆղանական կառավարության անվտանգության ուժերի նախկին աշխատակիցներ էին։
Աֆղանական կողմը նաև պնդում է, որ խմբին աջակցել են պակիստանյան զինված կազմավորումները։
Ինչպես հայտնել է նախարարությունը, խումբը շաբաթ օրը հատել է սահմանը Նուրիստանի՝ Պակիստանի սահմանին մոտ գտնվող Քամդեշ շրջանի հատվածում։
Քաբուլի տվյալներով, զինյալները մտադիր էին հարձակումներ իրականացնել Աֆղանստանի տարածքում։ Աֆղանական ուժերը սկսել են գործողություն, որից հետո խմբի ողջ մնացած անդամները նահանջել են դեպի Պակիստան, որտեղ, ինչպես պնդում է նախարարությունը, գտնվում էին պակիստանյան աշխարհազորայինների դիրքերը։
Աֆղանական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ պակիստանյան զինծառայողները և տեղական զինված կազմավորումների մարտիկները համակարգել են իրենց գործողությունները խմբի հետ, սակայն նահանջել են բախումը սկսվելուց հետո։
Բացի այդ, Քաբուլը մեղադրել է պակիստանյան հետախուզությանն այն բանում, որ այն Աֆղանստանի անվտանգության ուժերի նախկին աշխատակիցներին օգնություն ցուցաբերելու պատրվակով տեղափոխում էր Պակիստան, այնտեղ պատրաստում նրանց, ապա կրկին ուղարկում Աֆղանստան՝ զինված գործողություններին մասնակցելու համար։
Քաբուլի մեղադրանքները հնչել են մեկ շաբաթ էլ չանցած այն բանից հետո, երբ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել Աֆղանստանի տարածքին։ Իսլամաբադը հայտարարել էր, որ թիրախները զինյալներն էին, իսկ աֆղանական իշխանությունները հայտնել էին խաղաղ բնակիչների զոհվելու մասին։ Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը հաստատել է երեք քաղաքացիական անձանց՝ տղամարդու, կնոջ և աղջկա մահը։




























