Կոլումբիան ԱՄՆ-ին է արտահանձնել Խեովանի Անդրես Ռոխասին, որը հայտնի է «Սարդ» մականունով,՝ կոկաինի առևտրի հետ կապված Comandos de la Frontera զինված խմբավորման առաջնորդներից մեկին։ Ռոխասին, որին ԱՄՆ-ում մեղադրանքներ են առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության և ահաբեկչության համար, տեղափոխել են Կալիֆոռնիա և հանձնել դաշնային գործակալների հսկողությանը, հայտնում է Associated Press-ը։
Արտահանձնումը Կոլումբիայում քաղաքական կուրսի փոփոխության հետևանքն է։ Նախկին նախագահ Գուստավո Պետրոյի օրոք Ռոխասը մի քանի ամիս պաշտպանված էր մնում ԱՄՆ-ին հանձնումից, քանի որ իշխանությունները նրան ներգրավել էին զինված խմբավորումների հետ խաղաղ բանակցություններում։ Աբելարդո դե լա Էսպրիելյայի գլխավորած նոր կառավարությունը վերացրեց այդ պաշտպանությունը և միաժամանակ հրաժարվեց մի շարք ապստամբ կազմակերպությունների հետ բանակցություններից։
«Խաղաղություն չեն կառուցում՝ պաշտպանելով այս ավազակի նման թմրաահաբեկիչներին», — ուրբաթ հայտարարել է դե լա Էսպրիելյան այն բանից հետո, երբ անձամբ վերահսկել էր Ռոխասի հանձնումը ամերիկյան կողմին։ Նախագահը նաև կոչ է արել ԱՄՆ իշխանություններին նրա հետ չկնքել այնպիսի համաձայնություններ, որոնք թույլ կտան խուսափել կատարված հանցագործությունների համար պատժից։
Ռոխասին ձերբակալել էին Բոգոտայում 2025 թվականի փետրվարին։ Կոլումբիայի Գերագույն դատարանը նույն տարվա հոկտեմբերին հավանություն էր տվել նրան ԱՄՆ արտահանձնելուն, սակայն Պետրոն կասեցրել էր փոխանցումը՝ հայտարարելով, որ Ռոխասը անհրաժեշտ է խաղաղ գործընթացին մասնակցելու համար Comandos de la Frontera-ի և այլ զինված խմբավորումների հետ։
Հունիսին նախագահ ընտրված դե լա Էսպրիելյան զգալիորեն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել զինված խմբավորումների և թմրանյութերի առևտրի նկատմամբ։ Նա նաև հայտարարել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցելու մտադրության մասին։ Նախընտրական արշավի ընթացքում նրան աջակցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Զինված բռնության խնդիրը շարունակում է մնալ Կոլումբիայի գլխավոր խնդիրներից մեկը՝ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) հետ խաղաղության համաձայնագրից տասը տարի անց։ 2016 թվականի համաձայնագրի արդյունքում ավելի քան 14 հազար զինյալ վայր դրեցին զենքերը, սակայն պետության թույլ ներկայությամբ շրջաններում առաջացավ իշխանության վակուում։ Այն սկսեցին լցնել այլ զինված խմբավորումներ, որոնք պայքարում են թմրանյութերի փոխադրման ուղիների, ապօրինի հանքերի և շորթումից ստացվող եկամուտների համար։
Comandos de la Frontera-ն առաջացել է 2017 թվականին։ Դրա կազմում եղել են FARC-ի նախկին մարտիկներ, որոնք չեն միացել խաղաղության համաձայնագրին։ Խմբավորումը նաև համագործակցել է Segunda Marquetalia կազմակերպության հետ, որը ստեղծել էր FARC-ի նախկին հրամանատար Լուսիանո Մարինը, սակայն երկու տարի առաջ այդ դաշինքը փլուզվեց։ Դրանից հետո Comandos de la Frontera-ն առանձին բանակցություններ էր վարում կոլումբիական իշխանությունների հետ։





























