Ռուսաստանը արդիականացրել է Ուրալի լեռներում գտնվող խորհրդային «Պերիմետր» միջուկային ուժերի կառավարման համակարգի հետ կապված գաղտնի ստորգետնյա հրամանատարական համալիրը, որը Արևմուտքում հայտնի է որպես Dead Hand («Մեռած ձեռք»)։ Այս մասին ասվում է The Sunday Times-ի, դանիական Danwatch պարբերականի և ռուսաստանյան «Դոսյե» կենտրոնի համատեղ հետաքննության մեջ։
Լրագրողները ուսումնասիրել են Ռուսաստանի ռազմական գնումների շուրջ 2,5 մլն փաստաթուղթ, արբանյակային պատկերներ և Հյուսիսային Ուրալում Կոսվինսկի Կամեն լեռան ներսում գտնվող 1335 օբյեկտի շինարարությանը վերաբերող նյութեր։ Հետաքննության տվյալներով, օբյեկտը տասնամյակներ շարունակ օգտագործվել է որպես պաշտպանված հրամանատարական համալիր, իսկ վերջին տարիներին այնտեղ շարունակվել են լայնածավալ շինարարական և տեխնիկական աշխատանքները։
Փաստաթղթերում հայտնաբերվել են մոտ 22 հազար տոննա պողպատի, 56 հազար տոննա ցեմենտի, ինչպես նաև հովացման, կապի, օդափոխության և կենսապահովման համակարգերի սարքավորումների գնումներ։ Հետաքննության հեղինակները նշում են, որ գնված նյութերի ծավալը վկայում է լայնածավալ ստորգետնյա համալիրի մասին։
1335 օբյեկտը, որը հայտնի է «Գրոտ» կոդային անվանումով, կապված է «Պերիմետր» համակարգի հետ՝ ռազմավարական միջուկային ուժերի կառավարման պահուստային համակարգի, որը ստեղծվել էր ԽՍՀՄ-ում սառը պատերազմի տարիներին։ Դրա նպատակը եղել է ապահովել պատասխան միջուկային հարվածի հրամանի փոխանցումը նույնիսկ այն դեպքում, եթե ոչնչացվեն երկրի բարձրագույն ղեկավարությունը, հրամանատարական կետերը և սովորական կապի գծերը։
Համակարգի կազմում եղել են հատուկ հրամանատարական հրթիռներ, որոնք ունակ էին կոդավորված ազդանշաններ փոխանցել ողջ մնացած հրթիռային ստորաբաժանումներին։
Միևնույն ժամանակ փորձագետները շեշտում են, որ «Մեռած ձեռքի» մասին տարածված պատկերացումը՝ որպես լիովին ինքնավար մեքենայի, որը ինքնուրույն որոշում է միջուկային պատերազմ սկսելու մասին, ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանի միջուկային ուժերի փորձագետ Պավել Պոդվիգը «Դոսյեին» հայտնել է, որ «Պերիմետրը» նախ և առաջ պահուստային կապի համակարգ է։ Խորհրդային տարբերակում պատասխան հարվածի վերաբերյալ վերջնական որոշումը մնում էր մարդու ձեռքում։
Սակայն պահեստազորի գեներալ-մայոր Վիկտոր Խալինը, որը ԽՍՀՄ-ում մասնակցել է «Պերիմետր»-ի ստեղծմանը, իսկ հետո 2005 թվականից հետո աշխատել դրա արդիականացման վրա, պնդում է, որ ժամանակակից համակարգը հնարավորություն է ստացել աշխատել ավտոմատ ռեժիմով։ Ըստ նրա, նոր կառավարման օղակ է ստեղծվել 1335 օբյեկտի համար և փորձարկումներից հետո փոխանցվել այնտեղ։
Հետաքննության հեղինակները Կոսվինսկի Կամենի վրա կատարված լայնածավալ աշխատանքները կապում են «Պերիմետր»-ի արդիականացման հետ։ Նրանց տվյալներով, օբյեկտը սկսել են ստեղծել դեռ 1980-ականներին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո դրա շինարարությունը շարունակվել է արդեն ժամանակակից Ռուսաստանում։ 2004 թվականին «Գրոտ»-ը ստացել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պահուստային կետի կարգավիճակ։
Ամերիկացի փորձագետ Էնդի Վեբերը, որը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի պաշտոնը, կարծում է, որ օբյեկտի արդիականացումը կապված է Ռուսաստանի մտահոգությունների հետ՝ հնարավոր գլխատող հարվածի վերաբերյալ, որը կարող էր երկրի ղեկավարությանը զրկել միջուկային զենքի կիրառման հրաման տալու հնարավորությունից։
Հետաքննության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը վերջին տարիներին թարմացրել է իր պաշտոնական միջուկային դոկտրինը։ 2024 թվականի նոյեմբերին Մոսկվան ընդլայնել է այն պայմանների ցանկը, որոնց դեպքում թույլատրվում է միջուկային զենքի կիրառումը, այդ թվում՝ սովորական ագրեսիայի որոշ տեսակներին ի պատասխան։





























