Վենեսուելայում շաբաթ առավոտյան ազատ են արձակել մի շարք քաղաքական բանտարկյալների, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Foro Penal իրավապաշտպան կազմակերպությանը։
Ազատ արձակումների նոր ալիքը տեղի է ունեցել Վենեսուելայի նախագահի պարտականությունները կատարող Դելսի Ռոդրիգեսի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Նյու Յորքում կայացած հանդիպումից մի քանի օր անց։
Foro Penal-ի փոխնախագահ Գոնսալո Խիմիոբը հայտնել է, որ ազատ արձակումներն իրականացվել են երկրի տարբեր կալանավայրերում։ Կազմակերպությունը ստուգում է յուրաքանչյուր դեպք և առայժմ չի հայտնել ազատ արձակվածների վերջնական թիվը։
Ազատ արձակվածների թվում է եղել Միգել Կաստիլիո Սեդենյոն, որը, Foro Penal-ի տվյալներով, կալանքի տակ էր գտնվում 2019 թվականի հունիսից։ Կազմակերպությունը նաև հաստատել է Ֆրանկ Կաբանյասի ազատ արձակումը, որը շուրջ ինը տարի մնացել էր կալանքի մեջ այն բանից հետո, երբ նրան կապել էին ոստիկանի մահվան հետ։
Ազատ արձակվածներից ևս մեկը Վիլդեր Վասկեսն է։ 2018 թվականին նրան դատապարտել էին հինգ տարվա ազատազրկման՝ նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի սպանության նախապատրաստության մեղադրանքով։
Վենեսուելայի իշխանություններն առայժմ պաշտոնական հայտարարություն չեն արել ազատ արձակումների վերջին ալիքի վերաբերյալ և չեն հայտնել՝ արդյոք այն կապված է Ռոդրիգեսի և Թրամփի բանակցությունների հետ։
Ռոդրիգեսի կառավարությունը հունվարին Մադուրոյի՝ ամերիկացի զինվորականների կողմից գերեվարվելուց հետո սկսեց կալանավորվածների ազատ արձակման լայնածավալ արշավ։ Իշխանությունները այս գործընթացը ներկայացնում էին որպես ազգային հաշտեցման ուղղված քայլ։ Սակայն գարնանը ազատ արձակումների տեմպը կտրուկ դանդաղեց, և Ռոդրիգեսը հայտարարեց, որ ծրագիրը մոտենում է ավարտին։ Իրավապաշտպաններն այն ժամանակ նշում էին, որ ազատության մեջ է հայտնվել միայն այն մարդկանց մի մասը, որոնց նրանք համարում են քաղաքական բանտարկյալներ։
Սեպտեմբերի 14-ի դրությամբ Foro Penal-ը Վենեսուելայում հաշվառում էր 344 քաղաքական բանտարկյալ։ Նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպությունը արձանագրել էր յոթ ազատ արձակում։
Օգոստոսին իրավապաշտպանները նույնպես հաղորդում էին ազատ արձակումների նոր ալիքի մասին. այդ պահին Foro Penal-ը կարողացել էր հաստատել իշխանությունների հայտարարած 131 ազատ արձակումից 78-ը՝ նշելով, որ ստուգումը շարունակվում է։
Միևնույն ժամանակ Նյու Յորքում Ռոդրիգեսի և Թրամփի հանդիպումը ուժեղացրել է վենեսուելական ընդդիմության՝ ազատ ընտրություններ։ անցկացնելու պահանջը։ Ռոդրիգեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել է, որ երկրում ընտրություններ կանցկացվեն, բայց ամսաթիվ չի նշել։
Վենեսուելայում վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականին։ Հաղթող է հայտարարվել Մադուրոն, սակայն արդյունքները լուրջ վեճեր են առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ընդդիմությունը հայտարարել էր իր թեկնածու Էդմունդո Գոնսալեսի հաղթանակի մասին և հրապարակել էր ձայների սեփական հաշվարկները։





























