ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքի սթրիփ-ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը։
Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ հաստատության այցելուների միջև վեճից հետո, երբ այն աշխատում էր պաշտոնական փակվելու ժամից հետո։
Ոստիկանությունը տեղական ժամանակով առավոտյան 07:21-ին հաղորդում է ստացել հրաձգության մասին։ Դեպքի վայր ժամանած աշխատակիցները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով երեք տղամարդու։ Նրանք բոլորը մահացած էին։
Եվս չորս տուժածների՝ երկու տղամարդու և երկու կնոջ, մասնավոր ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ։ Դետրոյթի ոստիկանապետ Թոդ Բետիսոնը հայտնել է, որ բոլոր զոհվածներն ու տուժածները, ենթադրաբար, 20-ից 30 տարեկան են։
«Ծեծկռտուք է տեղի ունեցել, կոնֆլիկտ է առաջացել, և դրա հետևանքով որոշ մարդիկ որոշել են այն լուծել հրազենի օգնությամբ», — մամուլի ասուլիսում հայտարարել է Բետիսոնը։
Ըստ ոստիկանապետի, հրաձգությունը տեղի է ունեցել սթրիփ-ակումբում, որը աշխատում էր պաշտոնապես սահմանված աշխատանքային ժամի ավարտից հետո։ Նա նշել է, որ այդ հասցեն արդեն լավ հայտնի է ոստիկանությանը․ տարվա սկզբից աշխատակիցները յոթ անգամ արձագանքել են այդ վայրի հետ կապված ահազանգերին։
Ոստիկանությունն ունի որոշ հետքեր, որոնք կարող են օգնել քննությանը, սակայն Բետիսոնը հրաժարվել է մանրամասներ հայտնել։
Դետրոյթի քաղաքապետ Մերի Շեֆիլդը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ ունեն տեղի ունեցածի մասին, դիմել իրավապահներին։
«Մեզ պետք է, որ ավելի շատ մարդիկ խոսեն և օգնեն արդարադատության հասնել։ Սա սիրտ է կոտրում, և մեր համայնքը չպետք է տուժի նման բռնությունից», — հայտարարել է նա։




























