Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը The i Paper-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմին կոչ է արել արդեն հիմա սկսել նախապատրաստվել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիություն հնարավոր վերադարձին։
Ըստ նրա, Լեյբորիստական կուսակցությունը պետք է նման պարտավորություն ներառի հաջորդ խորհրդարանական ընտրությունների ծրագրում։
«Մենք պետք է այս աշխատանքը սկսենք հիմա։ Չի կարելի համընդհանուր ընտրություններից մեկ շաբաթ առաջ գլխարկից նապաստակ հանել՝ նախընտրական մանիֆեստի տեսքով, և ասել, թե պատրաստվում ենք վեց շաբաթ անց կրկին միանալ [ԵՄ-ին]», — հայտարարել է Խանը։
Լոնդոնի քաղաքապետի կարծիքով, մինչև ընտրություններն անհրաժեշտ է աշխատել հասարակական կարծիքի հետ և բրիտանացիներին բացատրել, թե ինչ հետևանքներ ունի երկրի դուրս գալը ԵՄ-ից և ինչ առավելություններ կարող է տալ եվրոպական միությանը միավորվելը։
«Հիմնական աշխատանքը պետք է արվի հիմա․ պետք է երկրին բացատրել Եվրոպական միությունից դուրս մնալու թերություններն ու այդ ընտանիքի մաս լինելու առավելությունները», — ասել է Խանը։
Խանը, որը 2016 թվականին հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ անդամակցության պահպանման օգտին, նաև հայտարարել է, որ բրիտանացիներին պետք է տրվի «երկրորդ հնարավորություն»՝ որոշելու, արդյոք նրանք ցանկանում են մնալ Եվրամիությունից դուրս։
Նրա հայտարարությունը քննադատության է արժանացել Brexit-ի կողմնակիցների կողմից։ Reform UK-ից պատգամավոր Էնդրյու Ռոսինդելը հայտարարել է, որ Խանը փորձում է վերանայել 2016 թվականի հանրաքվեի արդյունքը, որի ընթացքում մեծամասնությունը քվեարկել էր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու օգտին։ Պատգամավորն ասել է, որ դրա փոխարեն քաղաքապետը պետք է զբաղվի Լոնդոնի խնդիրներով։
Brexit-ի վերանայման դեմ է հանդես եկել նաև Unite արհմիության գլխավոր քարտուղար Շերոն Գրեմը։ Sky News-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ բրիտանացիներն արդեն արտահայտվել են ԵՄ-ից դուրս գալու օգտին, թեև միաժամանակ կոչ է արել Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցել այնտեղ, որտեղ դա հնարավոր է։
Խանի կոչը հնչել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի համանման հայտարարությունից հետո։ Անցյալ շաբաթ նա հայտարարել էր, որ երկիրը պետք է ձգտի հաջորդ տասնամյակի ընթացքում վերադառնալ ԵՄ, այլ ոչ թե սահմանափակվել Բրյուսելի հետ աստիճանական մերձեցմամբ։
Միևնույն ժամանակ, Բերնհեմն առայժմ ԵՄ Մեծ Բրիտանիայի վերադարձի կոչ չի արել։ Լեյբորիստական կուսակցության 2024 թվականի ընտրական մանիֆեստում ամրագրված էին պարտավորություններ՝ չվերադառնալ միասնական շուկային, մաքսային միությանը և ազատ տեղաշարժին։





























