Սեպտեմբերի 28-ի լույս գիշերը Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ «Անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել Դինսկայայի, Պավլովսկի և Կրասնոարմեյսկի շրջանների քաղաքացիական ենթակառուցվածքների երեք ձեռնարկություններում»,- հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ բոլոր դեպքերում էլ տուժածներ չեն եղել։

Ինչպես ականատեսների նկարահանած կադրերի հիման վրա պարզել է Astra-ն, հարվածի թիրախում է հայտնվել Դինսկայայի շրջանի Նովոտիտարովսկայա ստանիցայում գտնվող նավթաբազան, որը գտնվում է Կրասնոդարից մոտ 25 կմ հեռավորության վրա։ Օբյեկտը պատկանում է նավթամթերքի մեծածախ առևտրով զբաղվող «Էդելվեյս-95» ընկերությանը։ Վերջինիս կայքում նշված է, որ ընկերությունն արտադրանքը գնում է ուղղակիորեն ռուսական խոշորագույն նավթավերամշակման գործարաններից։ Իր հերթին, նավթաբազայում պահվում է դիզելային վառելիք (Եվրո-5) և բենզին (ԱԻ-92, ԱԻ-95 և ԱԻ-100)։ Բացի այդ, ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով, անօդաչուները հարվածել են նաև «Լուկոյլ-Յուգնեֆտեպրոդուկտ» ընկերության Պավլովսկայայի նավթաբազային։ Օբյեկտը գտնվում է Պավլովսկայա կայանի արդյունաբերական գոտում։ Տարեկան այս բազայով անցնում է շուրջ 150 հազար տոննա վառելիք։

Նովոտիտարովսկայա ստանիցայի նավթաբազան նախկինում ևս հայտնվել էր ԱԹՍ-ների թիրախում. դրա վրա հարձակվել էին սեպտեմբերի 24-ին։ Այն ժամանակ, տարածաշրջանի օպերատիվ շտաբի տվյալներով, բազայի տարածքում «ԱԹՍ-ի բեկորների ընկնելու պատճառով» հրդեհ էր բռնկվել։ Նույն գիշերը անօդաչուները հարվածել էին նաև Ռոստովի մարզի Կագալնիցկի շրջանում գտնվող նավթաբազային։ Մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել էր վարչական շենքի վնասման մասին։

Սեպտեմբերի 26-ին ուկրաինական անօդաչուները հարվածել էին Ռուսաստանի հարավում գտնվող միանգամից երկու խոշոր նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ)՝ Իլսկիի և Աֆիպսկիի ՆՎԳ-ներին։ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտնել էր ձեռնարկություններում բռնկված հրդեհի, ինչպես նաև մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։ Վերջին շաբաթվա ընթացքում անօդաչուների հարձակումների պատճառով աշխատանքը դադարեցրել է ռուսական երեք նավթավերամշակման գործարան՝ Կույբիշևի, Նովոշախտինսկի և «Պերմնեֆտեօրգսինթեզ» (ՊերմՆՕՍ) ձեռնարկությունները։ Ընդհանուր առմամբ, ամսվա սկզբից ի վեր ռուսական ութ նավթավերամշակման գործարան է դադարեցրել իր աշխատանքը։ Դրանց թվում են մայրաքաղաքը մատակարարող Մոսկվայի և Ռյազանի ՆՎԳ-ները, ինչպես նաև «Յարոսլավնեֆտեօրգսինթեզը»։