Սկսած 2018 թվականից Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշման մեջ Արցախի նկատմամբ տեղի է ունեցել արմատական փոփոխություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, արցախցիների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ նշեց Արցախի վերջին Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես ասած, խաղաղության հաստատումն է և Արցախի հարցի այլևս գոյություն չունենալը։

ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը անընդունելի է մեր բոլորիս համար։ Իշխանության քաղաքական խոսույթում արցախյան շարժումը և Արցախի հարցի նախկին ընկալումը հաճախ ներկայացնում են որպես անցյալի քաղաքականության մաս, ազգային անվտանգության սպառնալիք, որից Հայաստանը պետք է հրաժարվի։ Եվ այստեղ մենք պարտավոր ենք քաղաքական հարց բարձրացնել՝ որտե՞ղ է այսօրվա Արցախի ժողովուրդը Հայաստանի քաղաքական օրակարգում, որտե՞ղ է նրա քաղաքական ձայնը, ինչպե՞ս պետք է պաշտպանել արցախահայության իրավունքները պաշտպանող Արցախի պետական ինստիտուտները։ Արդյո՞ք խաղաղության օրակարգը պետք է նշանակի Արցախի ժողովրդի իրավունքների օրակարգից հրաժարում։

Մենք չենք կարող հակադրել խաղաղությունը Արցախի և արցախցիների իրավունքներին։ Խաղաղությունը, տարածաշրջանային կայունությունը, Հայաստանի անվտանգության ապահովումը մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր են, բայց խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական և քաղաքական հիշողության վերացման, ժողովրդի իրավունքների լռեցման կամ բռնի տեղահանված մարդկանց խնդիրները միայն սոցիալական հարցերի վերածելու միջոցով։

Արցախահայությունը այսօր Հայաստանում է, բայց նրա քաղաքական հարցը դրանով չի վերացել։ Մենք պետք է պատասխանենք նաև մեկ այլ կարևոր հարցի. եթե Հայաստանի իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել իրենց քաղաքական օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու պահանջները։ Արդյո՞ք մենք իրավունք ունենք այդ հարցը թողնելու քաղաքական վակուումի մեջ։ Իմ համոզմամբ ոչ»,– հայտարարեց նա։

Դավիթ Գալստյանը նկատեց, որ այսօրվա քննարկումը չպետք է վերածվի Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ իշխանությունների քաղաքականության քննադատության. «Մենք պետք է ձևակերպենք մեր պատկերացումները, ոչ միայն, թե ինչին ենք դեմ, այլ ինչի համար ենք մենք հավաքվել։ Ինչպիսի քաղաքական և իրավական կարգավիճակ պետք է ունենա Արցախի ժողովրդի հարցը, ինչպես պետք է պահպանվի Արցախի ժողովրդի քաղաքական սուբյեկտայնությունը, ինչպես պետք է շարունակվի վերադարձի իրավունքի միջազգային պաշտպանության հարցը, ինչպես պետք է պաշտպանվի արցախահայության սեփականության և այլ իրավունքներ։ Ինչպե՞ս պետք է Արցախի հարցը ներկայացվի միջազգային խորհրդարանական և քաղաքական հարթակներում։ Եվ վերջապես, ի՞նչ ենք մենք առաջարկում առաջիկա 3-5 տարիների համար։ Կարծում եմ՝ սա է այսօրվա քննարկման իրական իմաստը»,– ընդգծեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Նա առաջարկեց պատասխանել երեք հարցի. «Առաջինը, ո՞րն է Արցախի քաղաքական օրակարգի առանցքը։ Երկրորդ, ինչպես պետք է պահպանել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները։ Երրորդ, ի՞նչ կոնկրետ քայլ պետք է իրականացվի առաջին մեկ տարվա ընթացքում։

Եթե նման ձևաչափով մեր առաջին հանդիպմանը կարողանանք այս երեք հարցերի շուրջ ունենալ հստակ պատասխաններ, ապա այսօրվա հանդիպումը կդառնա ոչ թե հերթական քննարկում, այլ քաղաքական գործընթացի սկիզբ։ Երեք տարի անց մեր պարտքն է ոչ միայն արձանագրել Արցախի կորստի հետևանքները, այլև թույլ չտալ, որ Արցախի ժողովրդի քաղաքական ձայնը կորի այդ կորստի մեջ։ Մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի ծրագիր, այս հարցերի այնպիսի պատասխաններ, որ կարողանանք առաջ շարժվել, այլ ոչ թե տրվել օրվա իշխանությունների սադրանքներին, թե իբր Արցախի հարցը վտանգ է Հայաստանի Հանրապետության համար»,– հայտարարեց Դավիթ Գալստյանը։