2023–ի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում 25 քաղաքացիական անձ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ վառելիքի պահեստի պայթյունը, դրա հետևանքով զոհվեց 218 մարդ, վիրավորվեց 120-ը և 22 անձանց ճակատագիրը առ այսօր շարունակում է մնալ անհայտ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28–ին, արցախցիների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ նշեց Արցաի վերջին ԱԺ–ի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այս թվերը անուններ են, ընտանիքներ են ու ճակատագրեր են, այդ թվերը մեզ նաև հիշեցնում են, որ Արցախի հարցը երբեք չի եղել միայն տարածքի կամ քաղաքական կարգավիճակի հարց, այն առաջին հերթին մարդու կյանքի և անվտանգության հարց է։

2023 թվականի սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխվեց ավելի քան 115000 արցախահայ։ Այսօր՝ երեք տարի անց, մենք արդեն պետք է այլ հարց տանք. ոչ թե միայն որտեղ տեղավորել բռնի տեղահանվածներին, այլ ի՞նչ կյանք ենք նրանց համար ստեղծել երեք տարի անց։

ՀՀ կառավարության բնակարանային աջակցության գործող ծրագրի շրջանակում 2026–ի մայիսի 19-ի դրությամբ մոտ 30 հազար բռնի տեղահանված ընտանիքից, միայն 6193 ընտանիք է ստացել հավաստագիր, որից ըստ պաշտոնական տվյալների, իրացրել են այդ հավաստագրերը 2857 ընտանիք։ Սա նշանակում է, որ բնակարանային խնդրի լուծման գործընթացը գրեթե անիրագործելի է։ Եթե երեք տարի անց դեռևս հազարավոր ընտանիքներ գտնվում են բնակարանային լուծման գործընթացում, ապա արդյոք մենք գործ ունենք ժամանակավոր սոցիալական աջակցության ծրագրի, թե արդեն երկարաժամկետ պետական քաղաքականության անհրաժեշտության հետ։

Կառավարություն այսօր նաև առաջարկում է որոշ խմբերի համար երկարաժամկետ վարձակալության աջակցության մեխանիզմ՝ 10 տարի ժամկետով և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40000 դրամի չափով։ Որևէ մեկը առ այսօր չի դիմել այս ծրագրից օգտվելու համար սա նշանակում է որ սա աբսուրդ, զավեշտալի ու անիրականանալի ծրագիր է։

Մարդուն տուն տալը իհարկե կարևոր է, բայց մարդը պետք է ունենա աշխատանք, եկամուտ և սեփական ապագան կառուցելու հնարավորություն։ 2025–ի մարտի 26-ի դրությամբ Հայաստանում շուրջ 25 000 բռնի տեղահանված անձ աշխատում է։ Ի դեպ, 2024–ին իրականացված հետազոտության համաձայն բռնի տեղահանվածների շրջանում աշխատանք ունեցողների միայն 60% ն էր գտնվում ֆորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ, իսկ մյուսները աշխատում էին առանց գրավոր պայմանագրի»։

Մետաքսե Հակոբյանը նաև քաղաքական հարցերի անդրադարձավ. «Մենք հասկանում ենք, որ գործ ունենք ոչ միայն սոցիալական ճգնաժամի, այլև քաղաքական հետևանքներով ազգային աղետի հետ։ Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը պետք է նշանակի Արցախի ժողովրդի իրավունքների քաղաքական օրակարգի ավարտ։ Ես վստահ եմ՝  ոչ։ Խաղաղությունը և Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է հակադրվեն երբևէ իրար։ ՀՀ–ն կարող է ունենալ և բնականաբար պետք է ունենա իր պետական օրակարգը, բայց Արցախի ժողովուրդը նույնպես ունի իր իրավունքները, շահեր, ինչպես նաև իր քաղաքական ձայնը, և եթե այդ ձայնը այսօր չհնչի, չներկայացվի, ապա կա վտանգ, որ ժամանակի ընթացքում Արցախի հարցը կվերածվի միայն պատմական հիշողության։

Պետք է ոչ միայն արձանագրել տեղի ունեցածը, այլև պետք է ձևավորել և պահպանել Արցախի ժողովրդի քաղաքական օրակարգը։ Այդ օրակարգի հիմքում պետք է լինեն առնվազն հինգ ուղղություններ: Առաջին Արցախի ժողովրդի քաղաքական ներկայացվածության պահպանումը, երկրորդը վերադարձի իր իրավունքի քաղաքական և միջազգային օրակարգի պահպանումը, երրորդ Արցախի ժողովրդի սեփականության և այլ իրավունքների միջազգային պաշտպանության շարունակականությունը, չորրորդը՝ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցի հետևողական բարձրացումը, և հինգերորդը՝ Հայաստանում արցախահայության արժանապատիվ կայուն և ինքնուրույն կյանքի ապահովումը»։