Հունգարիայի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է վարչապետ Պետեր Մադյարին, ով մեղադրվում է բջջային հեռախոս գողանալու մեջ։ Պատգամավորները ձայների մեծամասնությամբ բավարարել են կառավարության ղեկավարին քրեական հետապնդման անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը, և այժմ նրա դեմ քրեական գործ կհարուցվի։

«Այս որոշման օգտին քվեարկել է 139 մարդ։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել»,- Մ1 հեռուստաալիքով հեռարձակվող արտահերթ նիստի ժամանակ հայտնել է խորհրդարանի խոսնակ Ագնեշ Ֆորստհոֆերը։ Դատախազության միջնորդությանը հավանություն են տվել իշխող «Տիսա» և ծայրահեղ պահպանողական «Մեր հայրենիքը» կուսակցությունների պատգամավորները։ Ընդդիմադիր «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության և քրիստոնեադեմոկրատների խմբակցությունները չեն ներկայացել նիստին՝ ի նշան բողոքի առ այն, որ օրակարգում ներառված էր նաև իրենց երկու պատգամավորներին՝ Վիկտոր Օրբանի կառավարության նախկին նախարարներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Մադյարը ոչ միայն զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, այլև խորհրդարանի պատգամավոր է, որտեղ նրա գլխավորած «Տիսա» կուսակցությունն ունի մանդատների ավելի քան երկու երրորդը։ Նա ինքն է խնդրել հանել իր պատգամավորական անձեռնմխելիությունը՝ հայտարարելով, որ պատրաստ է համագործակցել քննության հետ, և ինքը վախենալու ոչինչ չունի։ 2024 թվականի հունիսին Մադյարը գիշերային ակումբում խլել էր իրեն նկարահանող տղամարդու բջջային հեռախոսը և նետել այն Դանուբ գետը։ Վարչապետը պնդում է, որ նախկին իշխանությունները փորձել են իր դեմ սադրանք կազմակերպել։