Միջազգային արբանյակային ադրբեջանական «ATV – international» հեռուստաալիքը, որն ուղղակի ղեկավարվում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմի կողմից, տեղեկատվություն է տարածել զանգվածային բողոքի ակցիաների մասին, որոնք, իբր, տեղի են ունենում Իրանում ադրբեջանցիների կողմից:
Ըստ այդմ, Թավրիզում եւ Իրանի մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներին, իբր, մասնակցել են հազարավոր ցուցարարներ, ովքեր պահանջում են պաշտպանել ադրբեջանցի ազգային փոքրամասնության իրավունքները: «ATV – international»-ն իր ռեպորտաժում ներառել է կասկածելի ծագման կադրեր, որտեղ երեւում են ընդամենը մի քանի տասնյակ մարդկանց ագրեսիվ գործողությունները:
Ադրբեջանական հեռուստաալիքը հայտնել է բողոքի ակցիայի ավելի քան հարյուր կալանավորված մասնակցի մասին, առանց վկայակոչելու որեւէ աղբյուր:
Հատկանշական է, որ փաստացի, պետական հեռուստաալիքը Իրանում ադրբեջանցիներով կոմպակտ բնակեցված տարածքներն անվանում է ոչ թե ադրբեջանաբնակ, այլ «ադրբեջանական», դրանով, ըստ էության, տարածքային հավակնություններ ներկայացնելով հարեւան Իրանին:




























