Հայկական կողմը դադարել է Բաքվից պահանջել գերիների վերադարձը, խոսում են միայն «սպասելիքների» մասին, իսկ ադրբեջանցի ռազմական հանցագործների մասին առհասարակ լռում են։ Բաքվում պահվող հայ գերիների հիմնախնդրի մասին Սիվիլնեթում տեղի ունեցած քննարկման ժամանակ, հայտարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, հումանիտար հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

Փորձագետը նշել է մեկ տարվա ընթացքում արձանագրված դրական տեղաշարժերը՝ վերադարձվել է 4 գերի։ «Ինչը ամենևին չի նշանակում, թե ամեն ինչ լավ է։ Մենք բոլորս տեսել ենք և՛ շինծու դատավարությունները, և՛ դրանց արդյունքը, որոնք անսպասելի չէին, չէ՞ որ բոլորս գիտենք, որ Ադրբեջանում չկա անկախ դատական համակարգ, առավել ևս՝ հայերի նկատմամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ միջազգային ատյաններում ընկալման և առաջընթացի հետ կապված իրավիճակը նույնպես լավատեսություն չի ներշնչում։ Փորձագետն ընդգծել է, որ հանրությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա պահանջի ներկայացմանը, և հարցը չի կարելի թողնել միայն ընտանիքների վրա։ Հարցին, թե արդյոք վերադարձը պետք է տեղի ունենա նախքան խաղաղության հաստատումը, թե հնարավոր է հակառակ հաջորդականությունը, Մելիքյանը նշել է, որ քանի որ դա հումանիտար խնդիր է, նախ պետք է տեղի ունենա վերադարձը․ պատանդների առկայության դեպքում չի կարելի խոսել երկարաժամկետ խաղաղության մասին։

Խոսելով պետության պատասխանատվության և իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների մասին՝ Մելիքյանը համաձայն չի եղել այն մտքի հետ, թե այս հարցում կարելի է իջեցնել նշաձողը և օգտագործել պատմության վատագույն օրինակները՝ սեփական գործողությունները հիմնավորելու համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հմտորեն օգտագործում է միջազգային իրավունքի դրույթները հօգուտ իրեն, ինչը կարող է համոզիչ լինել երրորդ կողմերի համար, քանի որ միջազգային նորմերը պահանջում են դատապարտել ռազմական հանցագործներին, և Ադրբեջանը փորձում է հայ գերիներին ներկայացնել որպես այդպիսին։ «Մենք պետք է ավելի ակտիվորեն ցույց տանք, որ արդար դատաքննություն չի եղել, մեղադրանքներն անհիմն են»,- նշել է Մելիքյանը՝ հավելելով, որ Երևանը բաց է թողել բազմաթիվ հնարավորություններ, իսկ ինչ վերաբերում է գերիներին, ապա նրանցից ոմանք անազատության մեջ են արդեն 6 տարի։

Փորձագետը փաստել է նաև Հայաստանի հռետորաբանության փոփոխությունը․ հայկական (պաշտոնական) պատվիրակություններն օգտագործում են գնալով ավելի մեղմ ձևակերպումներ, պահանջ չեն ներկայացնում, առավելագույնը խոսում են սպասելիքների մասին։ Մելիքյանը հիշեցրել է Վարշավայում սպասվող ԵԱՀԿ համաժողովի մասին՝ կարծիք հայտնելով, որ այնտեղ նույնպես հնչելու են մեղմ ձևակերպումներ։ «Վստահ եմ, որ հայկական պատվիրակությունը մեղմ ելույթ է ունենալու և զերծ է մնալու գերիների մասին հիշատակումից, ինչպես նաև նրանից, որ Ադրբեջանում կան ռազմական հանցագործներ, որոնք տեսանյութի են նկարահանել իրենց հանցագործությունները»,- նկատել է նա՝ միջազգային կազմակերպությունների պասիվությունը բացատրելով նրանով, որ հայկական կողմն ակտիվություն չի ցուցաբերում։