Հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի բոլոր գործողությունները վկայում են, որ Բաքուն վրեժ է լուծում։ Սիվիլնեթի տաղավարում Բաքվում պահվող հայ գերիների հիմնախնդրին նվիրված քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել հակամարտաբան Հրայր Պալյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը վրեժ է լուծում 90-ականների սկզբի (Արցախյան առաջին պատերազմի) պարտության համար և, պատանդներ պահելով, փորձում է նվաստացնել Հայաստանին։ Փորձագետն ընդգծել է, որ աշխարհի տարբեր թեժ կետերում ավելի քան երեք տասնամյակ աշխատելու ընթացքում երբեք չի տեսել մի իրավիճակ, երբ երկրները խաղաղության բանակցություններ վարեն, նախաստորագրեն համաձայնագիր, բայց միևնույն ժամանակ պատանդներ պահեն։ «Քանի դեռ սա շարունակվում է, կողմերն ինչի շուրջ էլ համաձայնեն կամ նույնիսկ փաստաթուղթ ստորագրեն, կարելի է խոսել լոկ «սառը խաղաղության» մասին։ Հակամարտությունների տեսության մեջ սա ենթադրում է ձևական համաձայնագիր, որը, սակայն, չափազանց փխրուն է ու ժամանակավոր, և ամենափոքր առիթը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը»,- նշել է մասնագետը։
Պալեյանը կարևորել է խնդրի շուրջ հանրային ուշադրության բարձրացումը՝ հարցադրում անելով, թե ինչու Երևանի բնակիչները պատշաճ ուշադրության չարժանացրին մայիսին Հայաստանի մայրաքաղաքում անցկացված ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներին։ Նրա համոզմամբ՝ երևանցիները կարող են դա անել առաջիկա COP17 համաժողովի ընթացքում. օրինակ՝ դուրս գալ փողոց, աղմկել, կաթսաներով ակցիաներ անել՝ միջազգային պատվիրակների ուշադրությունը հրավիրելու համար։ Փորձագետը նշել է, որ նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին 17 կետից բաղկացած համաձայնագիր, որտեղ գերիների մասին ոչ մի խոսք չկար, փոխարենը հիշատակված էր միջազգային հայցերից հրաժարվելու մասին։ «Ինչո՞ւ չկա կետ 19 գերիների նկատմամբ մեղադրանքը դադարեցնելու մասին։ Դա ոչ միայն պետության պարտավորությունն է՝ ապահովել անապայման ազատ արձակումը, այլև մեր համընդհանուր պարտքն է՝ Հայաստանում և Սփյուռքում։ Մենք բոլորս մեղսակից ենք նրան, որ բավարար քայլեր չեն արվել նրանց ազատելու համար»,- հայտարարել է Պալյանը։











