Սեպտեմբերի 28-ի առավոտյան Բրյանսկի մարզում երկաթուղային ենթակառուցվածքներն ընդլայնված հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, հայտնել է տարածաշրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։ Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով Դյատկովո–Լյուդինովո հատվածում փլուզվել է երկաթուղային կամրջի մի մասը, իսկ 10 վագոն դուրս է եկել ռելսերից։ ԱԹՍ-ների թիրախում է հայտնվել նաև Ունեչայի շրջանի երկաթգիծը, ինչի հետևանքով ռելսերից դուրս է եկել 18 դատարկ կիսավագոն։ Նավլյայի շրջանում անօդաչուն վնասել է երկաթուղային գիծը, սակայն գնացքների շարժը շարունակվել է ըստ համապատասխան կարգի։ Կովալչուկը նշել է, որ բոլոր երեք դեպքերում էլ տուժածներ չկան։

Մինչ այս ուկրաինական բանակը դրոններով հարվածներ չէր հասցնում ռուսական երկաթուղիներին։ Այնուամենայնիվ, Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի տարածքում երկաթուղային գծերի պայթեցման մի քանի դեպք է արձանագրվել։ Այսպես, 2025 թվականի ամռանը Բրյանսկի մարզում կամուրջը փլուզվել էր մարդատար գնացքի վրա, ինչի հետևանքով զոհվել էր յոթ մարդ, իսկ ավելի քան 100-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նույն ժամանակահատվածում Կուրսկի մարզում անցումը կողքով անցնող բեռնատար գնացքի հետ միասին ընկել էր ավտոճանապարհին, ինչից տուժել էին մեքենավարն ու նրա երկու օգնականները։ Բացի այդ, անցյալ տարվա հունիսին երկաթգիծը պայթեցվել էր նաև Վորոնեժի և Բելգորոդի մարզերում։

2025 թվականի սեպտեմբերի կեսերին Լենինգրադի մարզում ռելսերից դուրս էին եկել երկու ջերմաքարշ, զոհվել էր մեքենավարը։ Օրյոլի մարզում պայթյուն էր որոտացել երկաթուղային գծերի ստուգման ժամանակ, ինչի հետևանքով երկու մարդ էր զոհվել։ Պայթյուն էր տեղի ունեցել նաև Պսկովի մարզի երկաթգծում։ Այս տարվա ապրիլի սկզբին Ուլյանովսկի մարզում ռելսերից դուրս էին եկել Չելյաբինսկից Մոսկվա ընթացող մարդատար գնացքի յոթ վագոնները։ Գնացքի կազմում եղել էր 15 վագոն և 415 ուղևոր, տուժել էր ութ մարդ։ Մայիսին Բելգորոդի մարզում ռելսերից դուրս էր եկել էլեկտրագնացքը, ինչից տուժել էր մեկ կին։

Իրենց հերթին ռուսական զինվորականները թիրախային որս են սկսել Ուկրաինայի գնացքների դեմ՝ անօդաչուների միջոցով ամսական ոչնչացնելով մինչև 40 լոկոմոտիվ։ Ներխուժման սկզբից ի վեր հարվածներ են հասցվել ավելի քան 500 լոկոմոտիվների, որոնց 60%-ը վնասվել է վերջին ութ ամիսների ընթացքում։ Հարձակումների մեծ մասը տեղի է ունենում ռազմաճակատի գծից կամ Ռուսաստանի հետ սահմանից մինչև 200 կմ հեռավորության վրա։ «Ուկրզալիզնիցյա»-ի ղեկավար Ալեքսանդր Պերցովսկին նշել է, որ անգամ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցության պայմաններում ընկերությունը չի հասցնում վերականգնել լոկոմոտիվները նույն արագությամբ, ինչ արագությամբ դրանք շարքից հանվում են։