Ուկրաինային հետագայում նոր արտադրված հրթիռներ տրամադրելու խոստման դիմաց՝ Բրյուսելը ՀՕՊ Patriot համակարգերի պաշարներ ունեցող ԵՄ երկրներին կոչ է անում դրանք շտապ փոխանցել Կիևին։
«Ուկրաինան ՀՕՊ համակարգերի շտապ կարիք ունի։ Մենք կոչ ենք անում Patriot հրթիռների պաշարներ ունեցող երկրներին անհապաղ դրանք տրամադրել Ուկրաինային, որպեսզի հետագայում ստանան նոր արտադրված հրթիռները», — ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Այս կոչն առաջին հերթին հասցեագրված է Հունաստանին և Իսպանիային, որոնք, եվրոպական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դեռևս հրթիռների որոշակի պաշարներ ունեն։ Մասնավորապես, ինչպես ավելի վաղ գրել էր Politico թերթը, Հունաստանում իբր լրանում է այդ հրթիռների պիտանելիության ժամկետը։ Այնուամենայնիվ, Աթենքը պատրաստ չէ Ուկրաինային փոխանցել իր վերջին պաշարները, քանի որ ՀՕՊ միջոցների համաշխարհային դեֆիցիտի պայմաններում նոր մատակարարումների ժամկետները մնում են անորոշ, իսկ Թուրքիայի հետ հավանական հակամարտության դեպքում պաշարներից զրկվելը երկիրը կթողնի անպաշտպան վիճակում։





























