Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ՝ Աշտարակի ձորում, դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու մարմինը, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Աշտարակի համայնքային ոստիկանները ու ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ինքնասպանություն գործած տղամարդը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով եկել է Աշտարակի կամուրջ, կանգնել, ապա իրեն ցած նետել։
Ոստիկաններն ու պարեկները կամրջի վրա հայտնաբերել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Պ Հ.-ն է։



























