Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին տեսակցություններ կազմակերպելու նպատակով: Սիվիլնեթի տաղավարում Բաքվում պահվող հայ գերիների խնդրի շուրջ քննարկման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ, մարդասիրական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը:
Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է լռեցնել հայկական քաղհասարակության ներկայացուցիչներին ճիշտ այնպես, ինչպես վարվում է ՀՀ իշխանությունների հետ՝ գերիների մասին յուրաքանչյուր հիշատակմանն ի պատասխան հնչեցնելով հակամարտություն հրահրելու մեղադրանքներ: Այս պայմաններում, ըստ նրա, հայ գերիների վիճակը մշտադիտարկելու և նրանց հետ կապ պահպանելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։
Աննա Մելիքյանը հավելել է, որ Ադրբեջանի իշխանություններն օգտվել են իրենց իրավունքից և պահանջել, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը հեռանա, ինչը լուրջ խոչընդոտ է դարձել գերիներին հասանելիություն ունենալու հարցում։ Նա հիշեցրել է, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ ԿԽՄԿ-ի պատվիրակությունն Ադրբեջանում չէ, իսկ Ժնևի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչների վերջին այցը կայացել է դեկտեմբերին։ Բանախոսի դիտարկմամբ՝ թղթի վրա ինչ էլ գրված լինի, Ադրբեջանի օմբուդսմենն անկախ կառույց չէ։ Այլ կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչները երկիր են մուտք գործում միայն թույլտվությամբ, որն Ադրբեջանի իշխանությունները կա՛մ չեն տալիս, կա՛մ միտումնավոր ձգձգում են։ Արդյունքում որոշ գերիների, այդ թվում՝ տարեցների մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չկա։
Միջազգային իրավունքի փորձագետ, «ELL PARTNERSHIP»-ի համահիմնադիր Տարոն Սիմոնյանն էլ նշել է, որ միայն մեկ գործիքով հնարավոր չէ Ադրբեջանին պարտադրել հարգել միջազգային իրավունքը, սակայն որոշակի հաջողությունների հասնելը միանգամայն իրատեսական է։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռների ավելի քան 70 տոկոսը, ընդ որում՝ դա չի վերաբերում միայն հայերի հայցերին։ «Հաջողության հասնելու համար պետք է օգտագործել դատական ողջ գործիքակազմը։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ «Ռազմավարի պուրակի» դեպքում, երբ Արդարադատության միջազգային դատարանի ճնշման ներքո այնտեղից հեռացվեցին հայ զինվորների մանեկենները»,- ընդգծել է փորձագետը։ Սիմոնյանը հավելել է նաև, որ Ադրբեջանը նման հարցերում բավականին զգայուն է, և նույնիսկ հայցերը հետ կանչելու նրանց պահանջը վկայում է իրենց իսկ վախերի մասին։





























