Սեպտեմբերի 15-ին, Երևանում, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը 11:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա 20 հասցեում գտնվող տրանսպորտի համար նախատեսված կանգառում՝ նստարանին, մոռացել է իր պայուսակը, ապա վերադառնալով այնտեղ՝ այն չի հայտնաբերել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Նշված կանգառ են ժամանել Շենգավիթի համայնքային ոստիկանները, որտեղ կինը հայտնել է, որ պայուսակում եղել են մոտ 2 միլիոն 300 հազար դրամ, մի քանի կտոր ոսկյա զարդեր և իր համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր։
Մինչ Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ դեպքը բացահայտելու համար, ժամեր անց տուժած Լորետա Բ.-ն ահազանգում է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնում, որ մի կին, ով հավանաբար պայուսակի մեջ եղած անձնագրից է իմացել հասցեն, եկել էին իրենց տուն և հայտնել, որ պայուսակը գտել է և այն վերադարձրել է իրեն, որտեղ էլ պարզվել է, որ պայուսակից ոչինչ չի պակասել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։





























