Բրիտանացի երեք կենդանապաշտպան կանայք Նորֆոլքում թագավոր Չարլզ III-ի ագարակից երեք գառ են գողացել, ապա կատարվածի մասին ինքնակամ հայտնել են ոստիկանությանը։ Դատարանը կանանց մեղավոր է ճանաչել գողության մեջ, գրում է The Independent-ը։
26-ամյա Ռոզա Շարկին և Սառա Ֆոյը, ինչպես նաև 37-ամյա Ռոուզ Պատերսոնը, 2023 թվականի մայիսին կենդանիներին գողացել էին Էփլթոն ագարակից։ Հաջորդ օրը նրանք մեկնել էին Վինձորի ամրոց՝ մտադրված պատմել գառների «փրկության» մասին։
Նստավայրի անվտանգության ծառայությունը հրաժարվել է նրանց հետ զրուցել, ինչից հետո ակտիվիստուհիները կամավոր ներկայացել են Վինձորի ոստիկանության բաժանմունք և խոստովանել գողությունը։
Նորիչի Թագավորական դատարանում երեք օր տևած քննությունից հետո կանայք մեղավոր են ճանաչվել։ Նրանցից յուրաքանչյուրին նշանակվել է 12 ամիս հանրօգուտ աշխատանք, 150 ժամ չվճարվող աշխատանք և 250 ֆունտ ստեռլինգ տուգանք։
Դատարանում ակտիվիստուհիները հայտարարել են, որ գործել են խղճի թելադրանքով և ցանկացել են փրկել գառներին ոչ պատշաճ պահման պայմաններից ու հետագա մորթից։ Նրանք պնդել են նաև, որ Չարլզ III-ը, որը հայտնի է էկոլոգիայի և կենդանիների պաշտպանության հարցերի նկատմամբ իր հետաքրքրությամբ, կարող էր հավանություն տալ իրենց գործողություններին։
Դատախազ Դինգլ Քլարքը մերժել է այդ փաստարկները՝ հայտարարելով, որ կանայք վերցրել են ուրիշի կենդանիներին, որպեսզի ուշադրություն հրավիրեն իրենց հայացքների վրա։
Գողացված գառներին ակտիվիստուհիներն անվանել են Սեմմի, Սաննի և Սութի։ Կենդանիներին այդպես էլ չեն վերադարձրել տիրոջը։ Ըստ պաշտպանության՝ գառները ողջ են և այժմ գտնվում են ապաստարանում։




























