Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը Իտալիայում կսահմանի վառելիքի առավելագույն գներ՝ նույն մակարդակով, ինչ ավելի վաղ սահմանել էր իտալական Eni էներգետիկ ընկերությունը։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ դա պետք է օգնի վարչապետ Ջորջա Մելոնիին զսպել էներգակիրների ծախսերի աճը՝ համաշխարհային շուկայում մատակարարումների խափանումների ֆոնին։

Reuters-ի զրուցակիցներն, անանունության պայմանով, հայտնել են, որ SOCAR-ը կսահմանի դիզելային վառելիքի մանրածախ գնի վերին շեմը՝ մեկ լիտրի համար 2,19 եվրո, իսկ բենզինինը՝ մեկ լիտրի համար 1,99 եվրո։ Թե կոնկրետ երբ նոր սահմանափակումները կմտնեն ուժի մեջ, առայժմ հայտնի չէ։

Իտալիայի արդյունաբերության նախարարության տվյալներից հայտնի է դարձել, որ Eni-ի սահմանած առավելագույն գները լիարժեք սկսել են գործել սեպտեմբերի 28-ից, սակայն առայժմ միայն աննշան ազդեցություն են ունեցել վարորդների համար վառելիքի միջին արժեքի վրա։

Երկուշաբթի օրը ինքնասպասարկմամբ բենզինի միջին գինը կազմել է մեկ լիտրի համար 2,152 եվրո՝ նախորդ օրվա 2,159 եվրոյի դիմաց։ Դիզելային վառելիքը նույնպես փոքր-ինչ էժանացել է՝ հասնելով 2,369 եվրոյի՝ մեկ լիտրի համար, նախորդ 2,377 եվրոյի փոխարեն։ Ավտոմայրուղիներում բենզինի գինը կազմել է 2,214 եվրո, իսկ դիզելինը՝ մեկ լիտրի համար 2,420 եվրո։

SOCAR-ը, որը Իտալիայում վառելիք է վաճառում տեղական Italiana Petroli (IP) ընկերության միջոցով, կիրակի հայտարարել էր, որ «աստիճանաբար» կներմուծի առավելագույն գներ՝ առանց ճշտելու դրանց մակարդակը։

Ըստ աղբյուրների՝ ընկերությունն արդեն սկսել է իր որոշ բենզալցակայաններում գները համապատասխանեցնել Eni-ի սահմանած մակարդակին։ Սակայն այս փոփոխությունները դեռ չէին արտացոլվել արդյունաբերության նախարարության տվյալներում, որոնք հրապարակվել էին երկուշաբթի առավոտյան։

Գործակալության տվյալներով՝ SOCAR-ին և Eni-ին բաժին է ընկնում Իտալիայի ավտոլցակայանների ցանցի ավելի քան 40%-ը։

Ինչպես հայտնում է Իտալիայի կառավարության կայքը, վարչապետ Ջորջա Մելոնին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այդ որոշման համար։

«Eni-ից հետո IP ընկերությունը նույնպես որոշել է սահմանել վառելիքի առավելագույն գներ ամբողջ Իտալիայում։ Սա իտալական ընտանիքներին աջակցելու կարևոր նշան է, որը հաստատում է, որ հնարավոր է իրական ներդրում ունենալ վառելիքի բարձր գների զսպման գործում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այս ուշադրության ժեստի համար, որը ամրապնդում է մեր համագործակցությունը, ինչպես նաև SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆին։

Կառավարությունը կշարունակի աշխատել տնային տնտեսություններին աջակցելու և նրանց գնողունակությունը պաշտպանելու ուղղությամբ, հատկապես միջազգային ասպարեզում այսքան բարդ ժամանակահատվածում»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) և SOCAR-ը համագործակցության համաձայնագիր են կնքել, ըստ որի ադրբեջանական պետական էներգետիկ ընկերությունը 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը կդառնա Իտալիայի հավաքականների գլոբալ էներգետիկ գործընկերը։ Միևնույն ժամանակ նախատեսվում է գործընկերության երկարաձգման հնարավորություն մինչև 2032 թվականը։

Համաձայնագիրը ստորագրել են FIGC-ի և SOCAR-ի նախագահներ Ջովանի Մալագոն և Ռովշան Նաջաֆը։ Ինչպես նշում են FIGC-ում, պայմանագիրն ունի մեծ ռազմավարական նշանակություն ամբողջ իտալական ֆուտբոլի համար՝ ամրապնդելով ֆեդերացիայի միջազգային դիրքերը և հաստատելով իտալական ֆուտբոլի՝ համաշխարհային մակարդակի գործընկերներ ներգրավելու կարողությունը։