Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է հաղորդագրությունները, ըստ որոնց Եգիպտոսի իշխանությունները Իսրայելին նախապես զգուշացրել էին ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին նախապատրաստվող հարձակման մասին։ Իսրայելի վարչապետը կարգադրել է նաև զրպարտության հայց ներկայացնել նման պնդումների հեղինակների դեմ։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եգիպտոսը, ենթադրաբար, Իսրայելին մի քանի անգամ զգուշացրել էր հարձակման նախապատրաստման մասին։ Պարբերականի տվյալներով՝ այդպիսի նախազգուշացումներից մեկն իսրայելական կողմին փոխանցել էր Աբբաս Քամելը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Եգիպտոսի հետախուզության ղեկավարի պաշտոնը։
«Հոկտեմբերի 7-ին նախորդած ամիսներին Նեթանյահուն չի հանդիպել և չի խոսել Աբբաս Քամելի հետ, որն այդ ժամանակ ղեկավարում էր Եգիպտոսի հետախուզական ծառայությունը, և Իսրայելի հատուկ ծառայություններից ոչ մեկը վարչապետին եգիպտական նախազգուշացումը չի փոխանցել»,- ասված է Նեթանյահուի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Այդ կապակցությամբ վարչապետն իր ներկայացուցիչներին հանձնարարել է զրպարտության հայց ներկայացնել։
Սա նմանատիպ առաջին հայցը չէ, որը նախաձեռնել է Նեթանյահուն՝ հարձակման նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների մասին հրապարակումների կապակցությամբ։ Երեք շաբաթ առաջ էլ նա փաստաբաններին հանձնարարել էր դատարան դիմել Haaretz-ի դեմ։ Պարբերականը պնդում էր, որ հոկտեմբերի 7-ի հարձակումից տասը օր առաջ Նեթանյահուն, ենթադրաբար, զանգահարել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բեն Զայիդ Ալ Նահյանին և զգուշացրել նրան Գազայում ՀԱՄԱՍ-ի այն ժամանակվա առաջնորդ Յահյա Սինվարի՝ Իսրայելի դեմ լայնածավալ հարձակում իրականացնելու ծրագրերի մասին։
Նեթանյահուի ասելով՝ վարչապետի աշխատակազմը, Ազգային անվտանգության խորհուրդը և ռազմական քարտուղարությունը ստուգել են համապատասխան ժամանակահատվածում նրա հեռախոսազանգերի մատյանները, սակայն նման խոսակցության վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերել։
2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների զինված անդամները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայելի տարածք։ Հարձակման հետևանքով զոհվել են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ, շուրջ 250 մարդ պատանդ է վերցվել։ Հարձակումը դարձել է Գազայի հատվածում երկարատև մարտական գործողությունների և դրան հաջորդած տարածաշրջանային լարվածության սրման սկիզբը։





























