Ամերիկայի Այդահո նահանգում քննիչները հայտարարել են ավելի քան 40 տարի առաջ Չիկագոյում տեղի ունեցած մի շարք թունավորումների հետաքննության հնարավոր բեկման մասին։ Ոստիկանությունը որպես կասկածյալ դիտարկում է Կալիֆոռնիայից բժիշկ Մեթյու Ֆրենսիս Բետկոուսկիին, հայտնում է New York Post-ը։
Թունավորումների շարքը Չիկագոյում տեղի է ունեցել 1982 թվականի սեպտեմբերի վերջին։ Անհայտ հանցագործը ցավազրկող Tylenol-ի փաթեթներից հանել է դեղապատիճները, դրանց մեջ ավելացրել կալիումի ցիանիդ, ապա փաթեթները վերադարձրել դեղատների վաճառասեղաններ։ Արդյունքում մահացել է յոթ մարդ, որոնց թվում՝ 12-ամյա մի աղջիկ։
Հանցագործություններն ԱՄՆ-ում զանգվածային խուճապ են առաջացրել։ Johnson & Johnson ընկերությունը շուկայից հետ է կանչել դեղամիջոցի ամբողջ խմբաքանակը՝ կրելով զգալի ֆինանսական կորուստներ։ Չնայած երկարամյա հետաքննությանը՝ մեղավորին այդպես էլ չի հաջողվել պարզել։
Այժմ Այդահոյի իրավապահ մարմիններն ուսումնասիրում են Բետկոուսկիի հնարավոր առնչության վարկածը։ Տղամարդուն մահացած են հայտնաբերել Բոյսիի եկեղեցում։ Քննության տվյալներով՝ նա մահացել է կալիումի ցիանիդ ընդունելուց հետո։
2019 թվականին հետաքննության վերականգնումից հետո խուզարկուներին հաջողվել է գտնել նրա եղբորը։ Վերջինս մահացել է 2021 թվականին, ինչից հետո քննիչները հասանելիություն են ստացել բժշկի անձնական իրերին։
Դրանց թվում հայտնաբերվել են կալիումի ցիանիդով սրվակ, Չիկագոյի քարտեզ և Բետկոուսկիի՝ թունավորումներից մոտ մեկ տարի առաջ այդ քաղաք կատարած ուղևորության լուսանկարներ։ Բացի դրանից, նրա գործընկերները պատմել են, որ բժիշկը քննարկում էր թույնով լցված դեղապատիճների միջոցով «կատարյալ հանցագործություն» կատարելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ քննիչներն ընդգծում են, որ Բետկոուսկիի առնչությունը թունավորումներին հաստատող ուղիղ ապացույցներ առայժմ չկան։ Հետաքննությունը շարունակվում է։





























